17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

17 հուլ 2019 14:25

Ելփին գյուղում խուճապ կա.Ասել եմ՝ կուչկա-կուչկա չհավաքվեն, ամեն մարդ իրենց տներում ու նկուղներում լինեն, որ ապահով լինի

Հակառակորդը Նախիջևանի ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում. Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Ելփին գյուղի գյուղապետ Խորեն Ավետիսյանը նշեց, որ ամեն տարի այս ժամանակահատվածում կրակոցներ եղել են դիրքերի ուղղությամբ, բայց  գյուղի վրա սկսվել են հուլիսի 13-ից. «13-ից սկսել են, գյուղի տարածքի ցորենի արտերի վրա, հրդեհ եղավ, գնացին հանգցրին, բայց այս երեք օր է, որ ակտիվացել է.  14-ի գիշերը՝ ժամը մեկին,  տասն անգամ կրակել են, եկել-ընկել է երկու տան վրա: Երեկ երեկոյան 22:30 նորից կրակեցին, նորից նույն տեղն ընկավ, այսօր առավոտյան զանգել եմ կոմբատին, տվյալ տեղը նայել ենք»:


Նա նշեց, որ  գյուղում խուճապ կա.  «Բայց ասել եմ՝ կուչկա-կուչկա չհավաքվեն, ամեն մարդ իրենց տներում ու նկուղներում լինեն, որ ապահով լինի»:
Գյուղապետը մեր հարցին ի պատասխան՝ չկարողացավ մտաբերել դեպք, երբ վերջին տասը տարիների ընթացքում Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներ են եղել:
Վերջին 10 տարում Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցների դեպք չհիշեց նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Մեր հարցին, թե արդյո՞ք հավանական է, որ այդ կետն էլ թեժանա մեզ համար, նա պատասխանեց.
«Նման եզրակացություն առայժմ չեմ անի. հնարավոր է, որ սա եզակի միջադեպ է, դժվար է ասել, մինչև տեղում չուսումնասիրվի»:
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը կրակել էր նաև սահմանամերձ Խաչիկ գյուղի ուղղությամբ։
Արդեն տեղեկացրել էինք, որ լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր.  «Այո՛, եղել են կրակոցներ, որոնց հայկական կողմը պատասխանել է: Այսինքն՝ եղել է փոխհրաձգություն: Գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր