17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

02 հուն 2016 19:00

Հայաստան – Էլ Սալվադոր՝ 4:0 Հայաստանի հավաքականի երկրորդ վստահ հաղթանակը Լոս Անջելեսում

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ամերիկյան հավաքի երկրորդ ընկերական խաղում 4:0 հաշվով հաղթեց Էլ Սալվադորին, որը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 110-րդ տեղում է):

Գվատեմալայի դեմ խաղի համեմատ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն: Պաշտպանության կենտրոնումՎարազդատ Հարոյանին փոխարինել էր Տարոն Ոսկանյանը, իսկ Արտակ Եդիգարյանը դաշտ էր դուրս եկել Գեղամ Կադիմյանի փոխարեն եւ Գոռ Մալաքյանի հետ հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր ձախ կիսապաշտպանի դիրքում:

Հայաստանի թիմը վստահ սկսեց Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում կայացած խաղը եւ խփեց արագ գոլ: Կիսադատարկ ստադիոնում անցնող հանդիպման երկրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Էլ Սալվադորի թիմի պաշտպան Խավյեր Գարսիան գրավեց սեփական դարպասը՝ բացելով հաշիվը: Հայաստանի հավաքականը շարունակում էր գրոհների շարքը եւ շուտով խփեց նաեւ երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Բաց թողած գոլերից հետո սալվադորցիները սկսեցին գրոհել եւ բաց գոտիներ ստեղծել սեփական պաշտպանությունում, իսկ Հայաստանի թիմը ստացավ վտանգավոր հակագրոհներ անցկացնելու հնարավորություններ: Նախ 2 գոլային պահ ունեցավ աջ եզրում բավական ակտիվ գործող Տիգրան Բարսեղյանը, իսկ հետո հարմար դիրքից վրիպեց Էդգար Մանուչարյանը: Էլ Սալվադորի թիմի գրոհները վտանգավոր չէին ստացվում, թեեւ Հայաստանը պաշտպանությունում անթերի չէր գործում: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հայկական թիմը մոտ էր երրորդ գոլը խփելուն, սակայն Էդգար Մանուչարյանը չկարողացավ իրացնել 100 տոկոսանոց գոլային պահ՝ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ: Ընդմիջումից հետո սալվադորցիներն ավելի ակտիվ էին եւ ունեին նաեւ տարածքային առավելություն, ինչը չէր հաջողվում վերածել իրական գոլային պահերի: Երկրորդ խաղակեսում փոխարինումները բավական շատ էին: Հայաստանի հավաքականը բավական պասիվ էր եւ կարծես սպասում էր իր պահերին, որոնք եղան շուտով: 70-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի արտակարգ փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ մրցակցի պաշտպանի օգնությամբ խփեց Հայաստանի թիմի երրորդ գոլը: 75-րդ րոպեին էլ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Գեղամ Կադիմյանը, որին գոլ խփել օգնեց Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջնամասն անցավ հայկական թիմի առավելությամբ, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Այս խաղով հայկական թիմն ավարտեց ամերիկյան հավաքը, որը մեկնարկել էր մայիսի 25-ին:

Հիշեցնենք, որ ամերիկյան հավաքի առաջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին «Սթաբհաբ սենթերում» 7:1 հաշվով հաղթել էր Գվատեմալային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Մինչեւ այդ խաղը Հայաստանը հաղթանակ չէր տարել 14 խաղում անընդմեջ՝ սահմանելով թիմի պատմության հակառեկորդ:

Ընկերական խաղ, Լոս Անջելես

Հայաստան – Էլ Սալվադոր՝ 4:0

Խավյեր Գարսիա, 2 (ինքնագոլ), Հովհաննես Համբարձումյան, 8, Տիգրան Բարսեղյան, 68, Գեղամ Կադիմյան, 77

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան (Կամո Հովհաննիսյան, 70), Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան (Սերգեյ Ավագիմյան, 74), Գոռ Մալաքյան (Վարազդատ Հարոյան, 70), Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Դավիթ Հակոբյան, 73), Մարկոս Պիզելի (Դավիթ Մանոյան, 53), Էդգար Մանուչարյան (Գեղամ Կադիմյան, 57):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր