13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար         12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել      12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը    

31 օգոս 2016 16:55

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ կստանա լիբանանցի ևս մի ուսանողուհի

Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից եւ Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք կամ փախստականներ են, կամ տեղահանված, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում կամ առանց ծնողի (խնամակալի)։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներից։

Երախտագիտության կրթաթոշակները, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տեւողության ընթացքում Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային ցանցի քոլեջներում։ Ծրագիրը հիմնադրվել է իբրեւ երախտագիտության դրսեւորում՝ ուղղված Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ տվեցին հայ գաղթականներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաեւ Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել  UWC Dilijan քոլեջի երկամյա Միջազգային Բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում  է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում է եւ հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ուսում եւ միջազգային փորձառության հնարավորություն ընձեռնել Մերձավոր Արեւելքի արժանի աշակերտներին, քանի որ Մերձավոր Արեւելքը ժամանակին դարձել է նաեւ մեծ թվով հայերի տունը»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Աշխարհի տարբեր կողմերից երիտասարդներին համախմբելով՝ մենք փորձում ենք նրանց մոտ վաղ տարիքից միջազգային երկխոսության ու փոխըմբռնման մշակույթ ստեղծել, երբ նոր-նոր են ձեւավորվում փոխհարաբերությունները եւ մարդու արժեքային համակարգը։ Հուսով ենք, այսպիսով մենք նրանց դրդում ենք փոխըմբռնման, միմյանց հասկանալու՝ նույնիսկ դժվարին պահերին»։

Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսեւորել իրավաբանական ուսման տարիներին:

«Հպարտ ենք, որ կարող ենք աջակցել գալիք սերնդի կին առաջնորդների կայացմանը,- հավելել է Ռուբեն Վարդանյանը,- մենք անչափ ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ այս կրթաթոշակը տալիս է Լիբանանի եւ տարածաշրջանի մյուս երկրների ուսանողուհիների առջեւ»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում եւ մասնակցում է մարդասիրական եւ սոցիալական նախագծերի աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարեւոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է  արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։
2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների առաջադրումներ կարելի է անել մինչեւ 2016թ. սեպտեմբերի 9-ը։ Յուրաքանչյուր մարդ կարող է  առաջադրել այն մարդասերներին, որոնք աշխարհի տարբեր կողմերում ջանք չեն խնայում մարդկային կյանք փրկելու եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Առաջադրելու համար խնդրում ենք անցնելայս հղումով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նպատակն է ձեւավորել լայնածավալ եւ համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է մինչեւ մեկուկես միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունն ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ բախտավորներ բացառապես փրկվել են՝ շնորհիվ խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փորձում է երախտագիտություն հայտնել՝ ներկայացնելով փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները, մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծերի, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են  «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, 100 LIVES նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի մի մասն է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր