Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել են տեղային մարտեր։ Կան մարդկային կորուստներ։
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։
Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը, ըստ ԱԳՆ–ի, ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: