19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

28 սեպ 2016 20:45

Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները  տեղում քննարկելու նպատակով:

Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը,   ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը , «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:

Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները:

«Մենք գիտակցում ենք, որ  սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է, դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի  կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն  առաջիկայում ամբողջությամբ կկատարի: Սակայն անհրաժեշտ է   խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել, որպեսզի ամեն տարի չբախվենք նույն հարցի հետ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գներով մտնել շուկա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գյուղմթերքն էժան լինի:  Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: Նա առաջարկել է սերտորեն համագործակցել մասնավոր ներդրողների և ԳԱՄԿ-երի հետ` այգիներում նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մշակությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 

Որպես լուծման տարբերակ` Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է  աղավնաձորցիներին քննարկել  միավորվելու միջոցով գինու արտադրության փոքր գործարան հիմնելու հնարավորությունը` ընդգծելով, որ պետությունը պատրաստ է աջակցել, բիզնես ծրագիր կազմել և ներդրողներ գտնել:

Հանդիպման ընթացքում գյուղացիները մտահոգություն են  հայտնել, որ հանրապետությունում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մարզն «Արենի» տեսակի խաղող է արտադրում, այնինչ խաղողի այդ սորտն աճեցվում է միայն Վայոց ձորում: Նախարարը խոստացել է, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա,  անհրաժեշտության դեպքում խնդրին օրենսդրական լուծում կտրվի  և վերահսկողություն կիրականացվի այդ  ուղղությամբ:

«Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը: Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն և այլն: Մենք ոչ թե պետք է խնդրենք, որպեզի խաղողը մթերվի, այլ աշխատենք, զարգանանք, խնդրելով  առաջ չենք գնա, խնդրելով ընկերությունները սնանկացան»,-ամփոփելով խաղողագործների հետ հանդիպման արդյունքները` լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ «Արենին» այն խաղողի սորտն է, որն անպայման անհրաժեշտ է պահպանել, և եթե օրենսդրական դաշտի միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, ապա թե' խաղող արտադրողը, թե' վերամշակողը և' գնի, և' մթերման հարցում խնդիրներ չեն ունենա:

Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ հանդիպում է ունեցել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք համայնքապետեր: Գործարարները նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին  փոքր և միջին բիզնեսի վարկավորման պայմաններին, ալկոհոլային խմիչքների լիցենզավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կոոպերատիվների գործունեության կազմակերպմանը և այլն:

Այցի շրջանակում նախարարն եղել է նաև Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, ծանոթացել աշխատակազմի և ընթացիկ աշխատանքների հետ:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր