00:09 - Սերժ Թանկյանը Հայաստանում է.Տեսանյութ         22:30 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:00 - Իմ որդին Չինարիում է ծառայում իրենց համար, իսկ ինձ գործից հանել են քաղաքական հայացքների համար. գողթեցիների հարցերը վարչապետին.Տեսանյութ    

05 հոկ 2016 15:00

Ինչպե՞ս պահպանել ուղեղի անոթների առողջությունը և կանխել կաթվածը

Ցանկացած կաթված գլխուղեղի անոթների վնասման հետեւանք է. իշեմիկ ինսուլտի ժամանակ անոթը խցանվում է թրոմբով, ինչի հետեւանքով խաթարվում է ուղեղի արյան մատակարարումը, իսկ հեմոռագիկ կաթվածի դեպքում անոթը վնասվում կամ պատռվում է, եւ տեղի է ունենում արյունազեղում:
Կենսակերպի մի քանի պարզ փոփոխություններ կարող են օգնել պահպանել գլխուղեղը սնուցող անոթների առողջությունը եւ այդպիսով կանխել ինչպես կաթվածը, այնպես էլ հիվանդությունների մի ամբողջ շարք:
 
1. Դիաբետը վերահսկելը
Որոշ հիվանդություններ վնասում եւ թուլացնում են բոլոր, այդ թվում՝ ուղեղը սնուցող անոթները։ Այդ հիվանդություններից առաջինը շաքարային դիաբետն է: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը բացասաբար է ազդում անոթների պատերի վրա եւ դրանք դարձնում խոցելի` մեծացնելով ինսուլտի, ինֆարկտի եւ շատ այլ հիվանդությունների հասունացման վտանգը:
2. Հիպերտոնիան վերահսկելը
Զարկերակային հիպերտենզիան համարվում է կաթված հարուցող գլխավոր գործոններից մեկը. կաթված ստացած հիվանդների մոտ 90%-ը տառապում է հիպերտենզիայով: Ավելին, այդ հիվանդների մեծ մասը չի հասկացել խնդրի լրջությունը եւ ոչինչ չի ձեռնարկել՝ բարձր ճնշումը կարգավորելու համար:
Կան հիվանդներ, որոնք բժիշկներին խոստովանել են, որ իրենց սովորական ճնշումը 180/100 է, բայց որեւէ դեղ չեն ընդունում, քանի որ իրենց լավ են զգում նույնիսկ այդ ճնշմամբ: Մինչդեռ բարձր ճնշումը վտանգավոր է անոթների համար, իսկ լավ ինքնազգացողությունը եւ ցավի բացակայությունը իրականում չեն նշանակում, թե հիվանդին ոչինչ չի սպառնում:
3. Ծխելուց հրաժարվելը
Ծխելը, աթերոսկլերոտիկ վնասվածքների եւ անեւրիզմի առաջացման ռիսկի ապացուցված գործոն է: Բացի այդ, ծխելը նվազեցնում է բուժման արդյունավետությունը կաթվածից հետո եւ մեծացնում  կրկնակի կաթվածի վտանգը. ծխողի օրգանիզմն ավելի արագ «շարքից դուրս կգա», քան բժիշկները կհասցնեն կազդուրել այն:
Ցավոք, այսօր ծխելը լայնորեն տարածված է Հայաստանում, եւ բժիշկների զգուշացումները շատերն անտեսում են:
4. Քաշը եւ նյութափոխանակությունը վերահսկելը
Ավելորդ քաշը եւս կարող է համարվել կաթված հարուցող ռիսկի գործոն, քանի որ ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը հաճախ բարձր է լինում, իսկ նյութափոխանակությունը` խախտված: Այդ պատճառով խորհուրդ է տրվում քաշը պահպանել նորմայի սահմանում:
5. Ֆիզիկական ակտիվությունը
Սակավաշարժ կենսակերպը բացասաբար է ազդում գլխուղեղի անոթների առողջության վրա, իսկ սպորտը, ընդհակառակը, օգտակար է, իհարկե չափավոր զբաղվելու եւ գերջանադիր չլինելու դեպքում: Մասնավորապես, սպորտի բոլոր տեսակները, որոնք օգնում են պահպանել նորմալ քաշը եւ առողջությունը, օգտակար են նաեւ ուղեղի անոթների համար. դրանք են լողը, վազքը, մարմնամարզությունը, պիլատեսը, շեյփինգը, չափավոր ուժային վարժությունները:
Սպորտով զբաղվելը, օգտակար է նույնիսկ կաթվածից հետո, այդ պատճառով էլ մասնագետները փորձում են հնարավորին արագ ոտքի հանել կաթված տարած հիվանդներին:
 Հիշեցնենք, որ կաթվածի առաջին նշաններն են խոսքի, զգայունության եւ շարժումների խանգարումները, վերջույթների անզգայացումը (հաճախ՝ մարմնի մի կողմում): Այդ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել մասնագիտական օգնության, որովհետեւ որքան արագ այն ցուցաբերվի, այնքան մեծ կլինի ապաքինման հնարավորությունը:

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր