18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

10 հոկ 2016 11:47

Հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ. ՀՔԱՎ

 
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ հաստատված այս օրը նշվում է սկսած 1992թ.-ից:

Հայաստանի Հանրապետությունում կարևոր քայլեր են արվել հոգեկան առողջության, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը պայմանավորված է ՀՀ Կառավարության՝ ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով:

Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից՝ նշելով, որ սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ գործունեության ուղղություններից մեկն է ավելի քան տասը տարի:

Կատարված քայլերի շրջանակում 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որպես արդյունք՝ 2016 թվականի ապրիլին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որը սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու առաջին փորձն է:

ՀՔԱՎ տեղեկություններով՝ հանրապետությունում հաշվառված սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 46000 անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակվել և 2015 թ. օգոստոսին շրջանառության մեջ է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր որոշակի հստակություն մտցնել հոգեբուժական օգնության ոլորտում։ Չնայած դրան՝ ՀՔԱՎ–ն արձանագրում է, որ հոգեկան առողջության ոլորտը մեծ առումով դուրս է մնացել օրենքի նախագծից: Մտահոգիչ է վերոնշյալ ծրագրերով սահմանված ժամկետներում նախատեսված մյուս գործողությունների չիրականացումը. դրանք չեն կատարվում բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

«Շարունակում է մտահոգիչ մնալ  հոգեբուժական հաստատություններում  մարդու իրավունքների վիճակը։ Կարևոր ենք համարում ոլորտում կատարվող գործողությունների համապատասխանեցումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին: Արձանագրում ենք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շարունակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խարանավորումը ինչպես հանրության կողմից, այնպես էլ լրատվամիջոցներով և պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում տարածվող  հրապարակումներում»,– ասված է ՀՔԱՎ հրապարակման մեջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր