22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

09 նոյ 2016 15:21

Գործնական քայլեր են պետք սիրիահայությանը Հայաստանում պահելու համար

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան ու Ռամկավար Ազատական կուսակցություններն այսօր Անի հյուրանոցում համատեղ քննարկում էին նախաձեռնել՝ «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում էին պետական գերատեսչության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, սիրիահայեր, լրագրողներ.«Սիրիահայ համայնքը խորհրդային տարիներին, անկախության տարիներին հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, հիմա իրենք օգնության կարիք ունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
  Նրա խոսքով՝ ինչ-որ քայլեր արվում են, բայց բավարար չեն. «Հստակ է, որ սիրիահայությունը մեր ժողովրդի վիրավոր հատվածն է,  վիրավոր համայնք է: Մենք գործնական քայլերի կարիք ունենք՝ նախ և առաջ այդ մարդկանց Հայաստանում պահելու համար»,-ասաց Նարեկ Գալստյանը, հավելելով, որ արտաքին գործերի նախարարության, ԱԳ նախարարի մակարդակով որևէ հայտարություն չեն լսել  սիրիահայերի խնդրի հետ կապված: 
  ՍԴՀԿ ատենապետը նաև նշեց, որ այսօր կա այդ մարդկանց բիզնեսի ապահովման խնդիր. «Հայաստանը լուրջ գործառույթներ ունի անելու, օրինակ՝ հարկային արտոնություններ տալ: Պետք է մեխանիզմներ մշակել: Մարդիկ բողոքում են, թե ինչպես Հայաստանի գալուց հետո հենց որևէ գործ են սկսում՝  չտիրապետելով, չհասկանալով իրավիճակը, հարկայինը գալիս ու տուգանում է մի քանի հարյուր հազար դրամով: Հարված է այդ մարդկանց: Պետք է հիշել, որ նրանք փախել են Հայաստան»,- ասաց Նարեկ Գալստյանը:
  Ինչ վերաբերում է պնդումներին՝ անպայման պահել սիրիահայ համայնքը, Նարեկ Գալստյանն ասաց. «Հասկանում եմ այն մարդկանց, քաղաքական կազակերպությունների կարծիքը, ովքեր ցանկանում են, որպեսզի Մերձավոր Արևելքում հայկական համայնքը մնա: Ես ինքս և Հնչակյան կուսակցությունը մեծ ցանկություն ունի, որպեսզի Սիրիայում, Մերձավոր Արևելքում հայկական գործոնը շարունակի լինել դոմինանտ: Բայց այսօր մարդիկ ուղղակի զոհվում են: Պետք է հասկանանք, թե որն է մեր գերխնդիրը՝ թողնել  մարդկանց, որպեսզի զոհվեն՝ պահպանելու համար մի բան, որը վերջիվերջո, կարծում եմ, չի պահպանվելու այս պատերազմի ընթացքում,  թե իսկապես փորձենք  կենտրոնացել մեր ուժերը հայկական համայնքը հնարավորինս  անվնաս պահելու, դեպի հայրենիք բերելու առումով: Այն հայը, ով ցանկանում է գալ Հայաստան, պետք է գա, ոչ մի արհեստական խոչընդոտ չպետք է լինի»:
Քննարկման ավարտին երկու կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել, որի տեքստը ներկայացնում ենք ստորև
 
                                    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Երևան 09.11.2016թ.
 
Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար Ազատական կուսակցությունները խոր անհանգստությամբ են հետևում Սիրիայում և հատկապես Հալեպում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, որոնք անմիջապես հարվածում են տեղի հայ գաղութի ֆիզիկական անվտանգությանը, ոչնչացնում տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հայ կրթական, մարզական, բարեսիրական հաստատությունները: Երկու կուսակցությունները մեծապես կարևորում են Սիրիայում հայ համայնքի շարունակականության խնդիրը՝ իբրև Միջին Արևելքում աշխարհաքաղաքական գործոն, սակայն միևնույն ժամանակ չեն կարող հանգիստ հետևել, թե ահաբեկիչների գործողությունների հետևանքով ինչպես են զոհվում կամ վիրավորվում մեր հայրենակիցները:
 
Ելնելով վերոնշյալից, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն հայտարարում են.
 
1. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև ողջ հայության համախմբում, ինչն էլ պետք է հանգեցնի հստակ քայլերի՝ սիրիահայության փրկության հարցում:
 
2. Պետք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չեն ցանկանում մնալ Սիրիայում, սակայն նաև հնարավորություն չունեն դուրս գալ այնտեղից:
 
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի և իրականացնի գործնական քայլեր՝ Հայաստան ներգաղթել ցանկացող սիրիահայերի ապրուստի և աշխատանքի ապահովման հարցում, որպեսզի վերջիններս չմտածեն այլ երկրներ արտագաղթելու մասին:
 
4. Անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն և ներգաղթի հայեցակարգ՝ ունենալով հստակ դիրքորոշում՝ ներգաղթել ցանկացող հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության համար անհրաժեշտ բնակարանային եւ այլ կարիքները հոգալու, ինչպես նաև՝ հետագայում հասարակությանը ինտեգրելու հարցում:
 
Ս.Դ. Հնչակյան կուսակցություն
 
Ռամկավար Ազատական կուսակցութիւն
 
 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր