18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

16 նոյ 2016 18:45

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
 
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու «Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին ավելի ճանաչելի է դարձնում արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր:
 
Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում այսուհետ ևս սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար: Հիշատակի ցերեկույթին մասնակցել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» երգի համույթը:
Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վերհիշել են Ռոբերտ Աբաջյանի դպրոցական առօրյայի դրվագներ, ինչպես նաև գրական ակնարկ է ներկայացվել Ռոբերտի և նրա ծառայակից ընկերների`ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մղած հերոսական մարտից: Ռոբերտ Աբաջյանի կրտսեր սերնդակիցները երդվել են վառ պահել նրա հիշատակը և անհրաժեշտության դեպքում անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը: Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր