Տեսանյութ.Օդին մեջ ամպամած բաներ տեսա.Պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ          «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ դատապարտյալը սպանության փորձ է կատարվել       Նոր,անսպասելի ախտանիշներ են հայտնի դարձել կորոնավիրուսով վարակման    

29 նոյ 2016 15:21

Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարով

Ինչպես կանխատեսվում էր, Ադրբեջանը հետաքրքրություն է հանդես բերել Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը գնելու հարցում: «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)» այսօր հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել «Նավթի ու գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը գնելու հնարավորությունը, եթե Վրաստանը դրանք պաշտոնապես հանի աճուրդի: Այս կորպորացիան, որի բաժնետոմսերի 25 տոկոսն աճուրդի հանելու մտադրության մասին օրերս հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածի օպերատորն է:

Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածի խողովակաշարերի 25 տոկոսը աճուրդով վաճառքի հանելու մտադրության մասին հայտարարվել է դեռ 2011 թվականին: Այն ժամանակ գազատարը ձեռք բերելու ցանկություն էր հայտնել երեք ընկերություն` ռուսաստանյան «Գազպրոմ»-ը, ղազախական «Կայմունայգազ»-ը եւ «Ադրբեջանի պետական նավթային ընկերություն»-ը: Այն ժամանակ նավթադոլարների մեջ լողացող Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից նկատելի էր, որ վերջիններս պատրաստ են նույնիսկ շուկայականից ավելի բարձր գին վճարել Հայաստանին գազ ապահովող գազատարի վրա գոնե մասնակի վերահսկողություն հաստատելու համար:

Ճիշտ է, Վրաստանի ղեկավարությունն այն ժամանակ հավաստիացնում էր, որ ոչ մի դեպքում վաճառքի չի հանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն Բաքվում հույսեր էին փայփայում, որ ժամանակի ընթացքում այդ որոշումը կվերանայնվի եւ հնարավոր կլինի ապագայում ձեռք բերել նաեւ գոնե բաժնետոմսերի 51 տոկոսը: Բաքվի այդ ծրագրերը որոշակի անհանգստություն էին առաջացրել Հայաստանում եւ կոչեր էին հնչում, որ հայկական կողմը գնի այդ բաժնետոմսերը, որպեսզի դրանք չհայտնվեն Ադրբեջանի տրամադրության տակ:
2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գազատարի բաժնետոմսերի վաճառքի հարցը հանվեց օրակարգից, սակայն օրեր առաջ ձեւավորված կառավարությունը, կարծես, որոշել է անդրադառնալ դրան: Չնայած ադրբեջանական կողմը, ակնհայտորեն առաջնորդվելով ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ ու շահով, այլ քաղաքական նպատակներով, հիմա էլ է հետաքրքրված Հայաստանին գազ ապահովող գազատարի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանելու հարցում:

Այնուամենայնիվ, այժմ իրավիճակը փոխվել է եւ «Ադրբեջանի պետական նավթային ընկերություն»-ը նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ դրա պատճառով նույնիսկ կրճատել է հարյուրավոր աշխատակիցների ու չեղարկել տասնյակ ներդրումային խոշոր ծրագրեր: Ադրբեջանի բյուջեի համար հիմնական հոսքեր ապահովող ընկերությունը վերջին 1-1.5 տարում գրեթե 40 տոկոսով կրճատել է փոխանցումները պետական գանձարան: Այնպես որ, այդ հանգամանքը գրեթե ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից բաժնետոմսերի հնարավոր գնումը:

Հարկ է նկատել, որ Վրաստանի վարչապետն ազդարարել է նաեւ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը աճուրդի հանելու հնարավորության մասին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության կեսից ավելին իրականացվում է վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով, իսկ դրանցով դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխումն իրականացնում է «Վրաստանի երկաթուղիներ»-ը: Վերջինիս բաժնետոմսերի աճուրդին մասնակցելու ցանկության մասին Բաքվից առայժմ հայտարարություններ չեն հնչել:
Բայցեւանպես, չպետք է բացառել, որ Ադրբեջանը կրկին քաղաքական նպատակներով ցանկություն հայտնի գնել «Վրաստանի երկաթուղիներ»-ի բաժնետոմսերը եւ այդպիսով որոշակի հսկողություն սահմանի Հայաստանի համար կենսական չափազանց կարեւոր նշանակություն ունեցող վրացական ենթակառուցվածքների վրա: Սակայն ինչպես Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի դեպքում, այնպես էլ «Վրաստանի երկաթուղիներ»-ի պարագայում իր ագրեսիվ ցանկություններին հագուրդ տալու նկրտումների հետ մեկտեղ ստիպված է լինելու հաշվի առնել նաեւ իր դատարկ գրպանի հետ:
 
Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր