Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 հուն 2020 13:14

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է.կեղծ տվյալներով 5 մլրդ դրամի հարկեր չի վճարել

Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվության ծառայությունը։


Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։


Սամվել Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006 թվականի ընթացքում կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։


Այնուհետեւ «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006 թվականի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3.072.651.630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228.696.200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար: Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2.846.243.830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11.435.000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար:


Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած վերը նշված հանցավոր գործունեության հետեւանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, եւ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ։


Հետագայում «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաեւ դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով նախաձեռնվել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։


Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ օժանդակել է Արմեն Գեւորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր