Ադրբեջանն այժմ զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ է գաղտագողի տեղափոխում իր տարածք. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները:
Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո: Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին, հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը:
Միաժամանակ, կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները»: