Համացանցով ծանոթացած տղամարդը, սպանելով սիրեցյալին, վաճառքի է հանել բոլոր ներքին օրգանները
Պերուում ձերբակալել են մի տղամարդու, ով հյուր է հրավիրել մեքսիկացի սիրեցյալին, սպանել նրան եւ հանել նրա օրգանները վաճառքի։ Այս մասին հայտնում է VICE-ը։
51-ամյա Բլանկա Արելանոն համացանցում ծանոթացել է 37-ամյա Խուան Պաբլո Խեսուս Վիլաֆուերտեի հետ։ Կինը լուրջ հարաբերությունների համար տղամարդ էր փնտրում, իսկ պերուացին նրան արժանի ընտրյալ էր թվում։ Նրանք շփվել են մի քանի ամիս, իսկ հոկտեմբերի վերջին Վիլաֆուերտեն մեքսիկուհուն հրավիրել է իր Լիմա՝ առերես շփվելու։ Կինն այլ երկիր է մեկնել հոկտեմբերի 31-ին։
Սկզբում Արելանոն հարազատներին գրել է, որ իսկապես սիրահարված է, իսկ համացանցի զուգընկերոջ հետ հարաբերությունները հրաշալի են։ Սակայն նոյեմբերի 7-ից հետո հարազատները դադարել են նրանից լուրեր ստանալ։ Մեքսիկացի կնոջ զարմուհին՝ Կառլան, կապվել է Վիլաֆուերտեի հետ և հարցրել, թե արդյոք իր մորաքրոջ հետ ամեն ինչ կարգին է:
Տղամարդը հայտարարել է, որ նրանք բաժանվել են, քանի որ Արելանոն որոշել է, որ ինքը «չի կարող ապահովել կնոջ համար այն կյանքը, որի մասին նա երազում էր»։ Նա նաև ասել է, որ կինը հեռացել է և, հավանաբար, փորձում է վերադառնալ հայրենիք: «Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց այլևս ոչնչով չեմ կարող օգնել։ Ես սա ասում եմ տխրությամբ։ Վստահ եմ, որ պարզապես նրա հեռախոսն անսարք է կամ մարտկոցի խնդիր կա», - ասվում էր նրա հաղորդագրության մեջ։
Անհայտ կորածի հարազատները դիմել են պերուական ոստիկանություն, որն անմիջապես սկսել է որոնումները։ Նոյեմբերի 10-ին Լիմայից 150 կմ դեպի հյուսիս գտնվող Ուաչո քաղաքի լողափին գտել են կտրված մատ։ Մատին արծաթե մատանի կար։ Ավելի ուշ նույն լողափ է դուրս բերվել այլանդակված գլուխն ու կանացի իրան, որից դուրս բերված են եղել բոլոր ներքին օրգանները։
Հանգուցյալի մատի վրա հայտնաբերված մատանին, ինչպես պարզվել է, պատկանել է Արելանոյին։ Կնոջ նախկին առցանց ընկերոջը ձերբակալել են նոյեմբերի 17-ին։ «Խուան Պաբլո Վիլաֆուերտեն ձերբակալվել է մարդկային օրգանների առեւտրի մեղադրանքով», - տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Պերուի գլխավոր դատախազը:
Ավելի ուշ պարզվել է, որ Վիլաֆուերտեն սովորում էր որպես բժիշկ։ TikTok-ի իր էջում Արելանոյի անհետացումից մի քանի օր անց նա մարդկային օրգանների տեսանյութեր էր տեղադրում։ Նրա բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արյան հետքեր։