17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

20 դեկ 2016 20:01

Ապրիլյան պատերազմի մասնակից Ռոբերտ Աբրահամյանն այսօր կդառնար 23 տարեկան. Տեսանյութ

 
Դեկտեմբերի 20-ը 2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծննդյան օրն է։ Այսօր Ռոբերտը կդառնար 23 տարեկան։ 
 
Ռոբերտի մանկության ամենահարազատ և անբաժան ընկերը՝ նրա քույրը՝ Մերին, ում համար Ռոբերտը թանկ էր կյանքից առավել, չի կարողանում հաշտվել եղբոր կորստյան հետ։ «Ամեն ինչ կտայի, միայն թե նրա փոխարեն ես հայտնվեի, ու այսօր չտեսնեի մորս անդադար թափվող արցունքները․․․»։
Աբրահամյանների ընտանիքում Ռոբերտը երկրորդ երիտասարդ զոհն է։ Ռոբերտը ստացել է իր անունը հորեղբոր՝ վաղամեռիկ Ռոբերտ Աբրահամյանի պատվին, որը կնքել է իր մահկանացուն ավտովթարի արդյունքում՝ հենց նույն տարիքում, ինչ Ռոբերտը՝ 23 տարեկանը չլրացած։ Ռոբերտի հայրը մինչ այժմ երբևէ չլինելով սնահավատ, այժմ մտածում է, որ եթե որդու անունը չդներ իր զոհված եղբոր պատվին, գուցե իր երիտասարդ տղան չարժանանար միանման ճակատագրի։  Այժմ նրանք երկուսն էլ հանգչում են կողք կողքի՝ գյուղի գերեզմանատանը։

Մերիին խնդրեցինք պատմել եղբոր մասին։
-Անչափ դրական կերպար էր, շատ սիրված ու հարգված բոլորի կողմից։ Չափից դուրս ընկերասեր էր, կենսուրախ, կատակասեր։ Դեմքի լրջությունից շատ անգամ չէիր կարող հասկանալ՝ լուրջ է ասում, թե՞ կատակում է։ Ինձ նստեցնում էր ֆուտբոլ նայելու, որ առավոտյան հաշիվն ասեմ իրեն, իսկ  ինքը գնում, քնում էր․․․․ Մեր տան առաջնեկն էր՝ ինձնից մեծը։ Երբ Ռոբը ծնվել էր, իսկական տոն է եղել մեր ընտանիքում։ Անչափ խելոք երեխա է եղել փոքր տարիքում։ Երբեք չի չարչարել մայրիկիս։ Մի անգամ մանեժից դուրս է եկել ու գնացել, մտել մոխիրների մեջ։ Ինքն էլ չափազանց սպիտակամաշկ էր, ամբողջովին սևացել է, մնացել են միայն կապույտ, գեղեցիկ աչուկները։

Ի տարբերություն մանկահասակ շրջանի, դպրոցական տարիքում Ռոբերտը աչքի էր ընկնում իր ակտիվ վարքով։
-Սովորում էինք կողք-կողքի դասարաններում, և ուսուցիչներն ամեն անգամ ինձ էին բողոքում եղբորս չարաճճիություններից, ասում էին, որ դասերի ժամանակ հումորներ է անում, ծիծաղեցնում դասընկերներին՝ խանգարելով  դասը,- հիշում է Մերին։
 
Ապրիլյան պատերազմի մերօրյա երիտասարդ քաջորդի Ռոբերտ Աբրահամյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին: 2000-2010 թվականներին սովորել է Տափերականի միջնակարգ դպրոցում, 2011 թվականին անցել է ծառայության Հայկական զինված ուժերում։ Ծառայել է  Արցախի Հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութ քաղաքում, լավ ծառայության համար ստացել  ավագ սերժանտի կոչում:
 
 
-Առայսօր խոսում են Ռոբերտի գերազանց ծառայության մասին, - հպարտությամբ պատմում է քույրը: - Զորացրվելուց հետո 2013 թվականին մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու, կարճ ժամանակ անց վերադարձել և ծանոթացել է ընկերուհուս՝ Քնարիկի հետ։ Քնարի մասին նրան վաղուց էի պատմել․ «Ռոբ, երբ գաս Ռուսաստանից, մի աղջկա հետ եմ ծանոթացնելու քեզ, հաստատ շատ կհավանես»,- ասում էի  նրան։ Յուրահատուկ վստահություն կար մոտս, որ Քնարը հենց այն աղջիկն է, ում անմիջապես սիրահարվելու էր եղբայրս։ Ու իսկապես, ես չէի սխալվել։ Տեսնելու առաջին պահից նրան չէր հանում մտքից, մի քանի օր հետո՝ փախցրեց։

Շատ երջանիկ, ներդաշնակ զույգ էին, իրար մի բառից էին հասկանում, անգամ արտաքինով են նման։ Ընդամենը մեկ տարվա ամուսիններ էին, ծնվեց նրանց բալիկը։ Երեխայի սեռը նախապես չգիտեինք, միայն ծնվելուց հետո իմացանք, որ տղա է։ Այնքա՜ն հպարտ էր, այնքա՜ն երջանիկ․․․ Փոքրիկն ընդամենը չորս ամսական էր, որ պատահեց դեպքը․․․ Ռոբի որդին այնքան  նման է իրեն, որ երբեմն մեզ թվում է, որ Ռոբերտը չի մահացել, այլ ծնվել է նորից,- արցունքն աչքերին պատմում է Մերին՝ նայելով եղբոր հիշատակի անկյունում՝ պահարանի վրա դրված՝ անթարթ աչքերով տան անցուդարձին հետևող Ռոբերտի նկարին։

Ռուսաստանից վերադառնալուց և ամուսնանալուց հետո երիտասարդ, նորաստեղծ ընտանիքի ապրուստը հոգալու համար աշխատանքի երկարատև ու անօգուտ փնտրտուքներից հետո դիմել է պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար։ Դիմելուց հետո ամիսներ շարունակ, չստանալով պատասխան, Ռոբերտը սկսել է անհանգստանալ, թե ինչու իրեն չեն կանչում։ Սակայն 2016 թվականի մարտի վերջին Ռոբերտը ստացավ երկար սպասված զանգը․ տարօրինակ զուգադիպությամբ, նրան տեղեկացրեցին, որ կարող է անցնել խաղաղապահ ուժերում պայմանագրային ծառայության ապրիլի 1-ից։ Ապրիլի 1-ին, Ռոբերտը ուրախ-ուրախ շտապել է աշխատանքի՝ Երևանի «մայրաքաղաքային» (столичный) կոչվող գնդում։ Հաջորդ օրը սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ռոբերտը, ինչպես բազմաթիվ հայ զինվորներ, մեկնեց Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։ Թվում էր՝ քառօրյա պատերազմի ամենաթեժ օրերն անցյալում են, սակայն, օրեր շարունակ լսում էինք մեր զինվորների մահվան բոթեր։ Ապրիլի 10-ին  Ռոբերտի մահվան գույժը հասավ Տափերական։ 

-Չէինք հավատում, մտածում էինք՝ ինչ-որ բան խառնել են․․․ անհնար էր հավատալ, որ Ռոբն այլևս չկա․․․ , - վերհիշում էր Մերին՝ արտասուքները սրբելով այտերից։ - Շատ դժվար է ապրել առանց նրա, առանց մեր տան ուրախության, մեր հպարտության։
Ռոբերտ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։

Այսօր՝ Ռոբերտի ծննդյան օրը, նրա ընտանիքին են այցելել զորամասի բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, Տափերականի գյուղապետն իր անձնակազմով, ընկերներ, ազգականներ, հարևաններ․․․
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամները Ռոբերտի հայրիկին հանձնեցին ՂՊՎ սահմանած և Ռ. Աբրահամյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը։
 
Ընտանիքի կողքին էր նաև ապիրլյան պատերազմի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը։  

Շնորհավոր ծնունդդ, հայ զինվոր․․  
Հավերժ հիշատակ մեր բոլոր զոհված քաջ հայորդիներին․․․
 

Պատրաստեց՝ Արփի Թագոյանը


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր