Մարդու պապիլոմա վիրուս՝ մաշկի և միզասեռական օրգանների առողջական խնդիրներից մինչև քաղցկեղ. Հարցազրույց
![](/uploads/karen-vardanyan.jpg)
-Բժիշկ Վարդանյան, Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի պապիլոման:
-Մաշկի պապիլոմա հասկացողության ներքո հասարակության մեջ ընդունված է կոչել գրեթե
ցանկացած բարորակ գոյացություն: Սակայն իրականաում պապիլոման վիրուսային ծագման
խնդիր է` պայմանավորված մարդու պապիլոմա վիրուսով (HPV), որն ի դեպ, կարող է
ախտահարել ոչ միայն մաշկը, այլ նաև լորձաթաղանթը:
-Այսինքն, դրանք
տարբերակելու կարիք կա՞:
-Այո, միանշանակ, քանզի բուժական մոտեցումը, որ կիրառվում է պապիլոմա վիրուսով պայմանավորված խնդրի ժամանակ, հնարավոր է, որ կիրառելի չէ այլ ծագման գոյացությունների դեպքում:
-Իսկ ինչպե՞ս տարբերել դրանք:
-Բժշկագիտական բնագավառում պապիլոմա վիրուսով պայամանավորված խնդիրները, ըստ կլինիկական արտահայտությունների բաժանվում են չորս հիմնական ենթախմբերի:
Առաջինը՝ հասարակ կամ վուլգար գորտնուկներն են: Առավելապես հանդիպում են
երիտասարդների մոտ, բայց կարող են արձանագրվել ցանկացած տարիքում: Հիմնականում
տեղակայված են լինում ափերի վրա, և իրենցից ներկայացնում են հանգուցիկավոր
գոյացություններ: Որևէ սուբյեկտիվ զգացողությամբ չեն ուղեկացվում, եթե չեն
վնասվում, բորբոքվում կամ ճնշվում:
Երկրորդը՝ տափակ կամ պատանեկան գորտնուկներն են: Սրանք ևս հանդիպում են
երիտասարդների մոտ: Հիմնականում տեղակայված են լինում դեմքի շրջանում: Ունեն,
աննշան մաշկից տարբերվող գունավորում ու բարձրություն: Չեն ուղեկցվում որևէ
զգացողությամբ, երբեմն կարող են թեփոտվել: Առավելապես պատճառում են կոսմետիկ
տհաճություն:
Երրորդը՝ ներբանային գորտնուկներն են: Առանձնացվում են հիմնականում տեղակայումից
ելնելով: Ի տարբերություն այլ տեսակների, սրանք գտնվելով անընդհատ ճնշման տակ,
մաշկից գրեթե չեն բարձրանում ու բնորոշ է ներսփռանքային աճը: Գրեթե միշտ
ուղեկցվում են ցավի զգացողությամբ, մինչև անգամ ստիպելով սահմանափակել քայլքը:
Արտաքին տեսքով շատ նման են կոշտուկների:
Մյուսը սեռական գորտնուկներն են, կամ սրածայր կոնդիլոմաները: Սրանք մի մեծ խումբ
են, որոնք ախտահարում են սեռական օրգաններն և հարսեռական հատվածների մաշկն ու
լորձաթաղանթները: Վաղուց ի վեր, դիտարկվում
են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքում:
-Իսկ հատկապես ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում մարդու առողջության համար:
–Նախ լինելով վիրուսային ծագման ու վարակիչ խնդիրներ, դիտարկվում են նաև
էպիդեմիոլոգիական տեսանկյունից: Անգամ հասարակ ու տափակ գորտնուկների դեպքում,
որոնք սուբյեկտիվ զգացողություններով չեն ուղեկցվում, խոսել միայն կոսմետիկ
տհաճության մասին չի կարելի, քանզի ունեն տարածվելու նույն մարդու, և/կամ այլ
անձանց մոտ հպավարակելիթյան հատկությամբ պայմանավորված:
Սեռական գորտնուկների դեպքում, բացի կոսմետիկ տհաճությունից, որևէ
զգացողությամբ զուգակցվել կամ չզուգակցվելուց զատ, կարևոր մի հանգամանքի վրա
կուզեմ ուշադրություն դարձնենք: Տարբեր գրականությամբ միջինում 50 ենթատիպեր են
նշվում պապիլոմա վիրուսի, որոնցից որոշներն ունեն խիստ օնկոգեն հատկություն,
այսինք հակում ունեն չարորակ գոյացություններ առաջացնելու:
Մասնավորապես` վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող
կանանց գրեթե 100%-ի մոտ դրական են մարդու պապիլոմա վիրուսի նկատմամբ լաբորատոր
թեստերը: Կա նաև ապացուցված կապ առնանդամի քաղցկեղի ու պապիլոմա վիրուսի միջև:
Առանձնահատուկ զգուշավորություն է պետք դրսևորել կանանց դեպքում, քանզի խնդիրը
տեղակայված լինելով արգանդի վզիկի վրա, տեսանելի չէ պացիենտի համար, ու չուղեկցվելով
որևէ զգացողությամբ, կարող է երկար ժամանակ մնալ չբացահայտված և հայտնաբերվել
ավելի ուշ փուլերում: Տղամարկանց մոտ խնդիրը հիմնականում առավել վաղ փուլում է
ախտորոշվում, քանզի տեսանելի է լինում սեռական օրգանների շրջանում:
-Իսկ ինչպե՞ս ախտորոշել և
բուժել այն:
–Ախտորոշման տարբեր մեթոդներ կան, սկսած
պացիենտի զննումից, անամնեստիկ տվյալների հավաքագրումից, ու դրանց համադրումից բժշկի
կողմից, մինչև լաբորատոր ու գործիքային հետազոտություններ: Ամեն դեպքում հստակ ախտորոշում
դրվում է բուժ հաստատությունում ու բժշկի կողմից: Շատ կարևոր է դրանք տարբերակել
նման կլինիկական պատկեր ունեցող, բայց սկզբունքորեն այլ ծագում ունեցող
խնդիրներից, ինչն այնքան էլ դյուրին գործ չէ, անգամ բժիշկների համար: Նման
դեպքերում օգնության են հասնում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդները:
Որպես օրինակ նշեմ լայն կոնդիլոմաները երկրորդային սիֆիլիսի ժամանակ: Ունենալով
քիչ, թե շատ նման տեսք և տեղակայվելով նույն տեղամասերում, հաճախ կարող են
շփոթություն առաջացնել, առաջ բերելով ախտորոշման հաստատման լրացուցիչ մեթոդների
կիրառման անհրաժեշտություն:
Բուժական մոտեցումներն ունեն երկու հիմնական
ուղղություն: Գերաճական հյուսվածքի (գորտնուկի) դեստրուկտիվ միջամտություններ,
որոնք խորհուրդ է տրվում իրականացնել բացառապես բժշկի կողմից: Նման
միջամտությունների տեսակներն էլ են բազմազան ու մանրամասն ներկայացվելով
պացիենտին՝ կայացվում է համատեղ որոշում բժշկի ու պացիենտի կողմից, հենվելով դրանց
դրական ու բացասական կողմերի վրա, ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրվում
մաքսիմալ ընդունելին:
Այդ ամենն իհարկե հիմնականում զուգակցվում է դեղորքային բուժման հետ, որը ներառում
է հակավիրուսային միջոցներ և իմուն համակարգի սպեցիֆիկ խթանիչներ: Նշեմ, որ
ցանկացած մեթոդի դեպքում, այնուամենայնիվ կա կրկնման հավանականություն, ուստի
խորհուրդ է տրվում սահմանել դինամիկ հսկողություն առնվազն 6 ամսից մինչև 1 տարի, անգամ
կլինիկական լավացումից հետո: Դինամիկ հսկողություն սահմանվում է նաև զուգընկերոջ, կամ
զուգընեկերուհու համար, քանզի չկա հստակ սահմանաված գաղտնի շրջան (վարակումից
մինչև կլինիկական ախտանիշների դրսևորման ժամանակահատվածն է):
–Ամփոփելով, Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
–Ցանկացած գանգատի, կամ անգամ կասկածի դեպքում ստանալ մաշկաբան–սեռավակաբանի
խորհրդատվություն: Սեռական խնդիրներից խուսափելու համար ունենալ փոխադարձ
հավատարիմ զույգ, զերծ մնալ անպաշտպան սեռական հարաբերություններից:
Մաղթում եմ քաջ առողություն բոլորին, ու ցանկանում հիշեցնել, որ ցանկացած խնդրի
կանխարգելում առավել դյուրին է, քան հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներն
ամբողջությամբ վերցված:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը