Փաշինյանը հասկացավ, որ իր խաղաղություն-պատերազմ սցենարը չաշխատեց, իրենից հոգնեցին նաև
Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ խորհրդարանական ընտրութունների համար անցկացվող քարոզարշավի ընթացքում իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին:Քաղտեխնոլոգի գնահատմամբ, այդ փոփոխությունների հետևանքով իշխող քաղաքական ուժն այլևս չունի սահմանադրական ձևով իշխանությունը պահելու հնարավորություն։
«Երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը կոտրեցին նախընտրական քարոզարշավն իշխանությունների համար ցանկալի ձևով առաջ տանելու այդ ծրագիրը: Այն նախագիծը, որն առաջարկում էր իշխող ուժը, չաշխատեց, կոտրեցին, դրա համար է վարչապետը որոշ դեպքերում ոչ ադեկվատ վարք դրսևորում: Իրականացվեց տեխնոլոգիական լավ գործընթաց, մասնագիտական գործողություններ, ինչ արդյունքում կարողացան կոտրել նախընտրական սցենարը»,-ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրական գործընթացի մասնակիցների հասցեին հնչած մեղադրանքներին, սպառնալիքներին, նրանց մասին տարատեսակ տեղեկությունների տարածմանը՝ Արմեն Բադալյանն ասաց, դրանք իշխող ուժի զինանոցի վերջին գործիքները չեն, հունիսի 7-ին փորձ է արվելու ընտրական հանձնաժողովների միջոցով ցանկալի արդյունք արձանագրել։
«Ոչ մի տարբերակ չունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ 50 տոկոսից ավելի ձայներ հավաքելու համար: Փաշինյանը հասկացավ, որ իր խաղաղություն-պատերազմ սցենարը չաշխատեց, իրենից հոգնեցին նաև, քանի որ անցած տարվա օգոստոսի 8-ից սկսեց քարոզարշավը։ Հիմա Փաշինյանն այլ տարբերակ չունի, քան ընտրական հանձնաժողովների միջոցով հունիսի 7-ին իր համար ցանկալի արդյունք փորձել ստանալ»,-ասաց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը խոսեց նաև կուսակցությունների բովանդակային քարոզչության մասին:
«19 քաղաքական ուժ է մասնակցում, բայց բովանդակային, իմաստային տեսակետից 3 տեսլական կա` իրարից տարբերվող: ՔՊ կուսակցության տեսլականն է՝ լինել խաղաղ, սուսուփուս ճանապարհ բացել, Հայաստանը վերածել դիմանկար չունեցող մի տարածքի և որեւէ խոսք ազգայինի, ապագայի մասին չկա:
Երկրորդը․ ինչպես ընդունված է ասել 3 ռուսամեդ ընդդիմադիր ուժերն են: Նրանցից մեկը տեսլական է առաջարկում, ըստ որի՝ Եկեղեցու նկատմամբ հալածանքները դադարում են, զարգանում է տնտեսությունը, ունենալ, 300 հազար աշխատատեղեր: Այսինքն՝ դու լինում ես օբյեկտ, գոնե պահպանում ես ազգային ինչ-որ բան: 3 ուժերի մեջ «Հայաստան» դաշինքը նշում է, որ կարելի է Արցախի ազատագրման հետ կապված ինչ-որ ծրագրեր ունենալ, սա նշանակում է, որ, այսպես թե այնպես, դու նկրտում ունենում ես, իսկ դա, բնականաբար, հանգեցնում է Հայաստանի՝ սուբյեկտ դառնալու գործընթացին:
Երրորդը ներկայացնում է Ազգային ժողովրդավարական բեւեռը, որը նույնպես դեմ լինելով ՔՊ-ի տեսլականին, իր տեսլականն է ներկայացնում, այն է՝ Հայաստանը դաշնակից է ԱՄՆ-ի հետ, պետք է փորձի ձգտել, հասնել այն մեծ Հայաստանին, որը Քուռ-Արաքսից կհասնի մինչեւ Վիլսոնի կողմից գծված սահման»:
