Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության. Ահարոն Ադիբեկյան

Ահարոն Ադիբեկյանը բացառեց հրաշքների հավանականությունը՝ նշելով, որ Երևանը կշարունակեն կառավարել քաղաքական երեք ուժեր՝ ՀՀԿ, «Ելք» դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. «Սոցիոլոգիական հարցումների արդյունքում կարող ենք ասել, որ առաջին տեղում լինելու է Տարոն Մարգարյանը, երկրորդ ուժը լինելու է Նիկոլ Փաշինյանը, և երրորդ տեղում՝ Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Ադիբեկյանը:
Բանախոսը նշեց, որ մայրաքաղաքում կա 750.000 իրական ընտրող, որոնցից ընտրություններին մասնակցելու է 375.000-ը: Ըստ սոցիոլոգի՝ ընտրողների ամենաքիչը 65 տոկոսն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին, 23 տոկոսը՝ Փաշինյանին, իսկ 12 տոկոսը՝ Փոստանջյանին:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի քարոզարշավն առավել գրագետ է կազմակերպված: Երևանի ներկայիս քաղաքապետի էլեկտորատը ներառում է հասարակության բոլոր խմբերը:
Բանախոսի խոսքով, որքան էլ զարմանալի է, բայց Զարուհի Փոստանջյանին կանայք չեն վստահում. «մի քանի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ ավելի են հավատում կանանց կարողություններին, քան կանայք իրենք»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ կարևոր է պահպանել ընտրողի և ընտրվողի միջև սոցիալ-հոգեբանական դիստանցիան, ինչը չի նկատվում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավում. «Եթե նա քո մակարդակի վրա է, ապա հարգանք չունի, այս առումով Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության. մտնել բակերը, բարձրախոսով դիմել ընտրողներին: Ու սրան հակառակ՝ կարող ենք նշել Տարոն Մարգարյանի ելույթները, երբ բեմ է լինում, թիմը կանգնած է: Բեմն այդ դիստանցիայի գիծն է»,-նշեց բանախոսը: