Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

27 փետ 2018 17:05

Նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն. Շարմազանով

Մեր երկիրը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը եւ քաղաքական բազմակարծությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.
«Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ:

Հարգելի գործընկերներ, չնայած որոշ գործիչների փորձի`մեր երկրում փոխանցել նախընտրական տրամադրություններ, հարկ եմ համարում նշել, որ  համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձեւավորվել են թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը: Հետեւաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչեւ 2022 թվականը ձեւավորել են իշխանություն:

Հարգելի խորհրդարան, քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը անվտանգության մարտահրավերներն են, որի մասին ելույթ ունեցավ նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտագության  համաժողովում:

Իր «մյունխենյան թեզիսներում» նախագահ Սարգսյանը նշեց.
Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակից է,որի արդյունքում թե՛ ԵՏՄ անդամն ենք եւ թե՛ գործընկերային համաձայնագիր ենք կնքել Եվրոպական միության հետ:
Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում են մեր տարածաշրջանի անվտագության հիմնական սպառնալիքները:

Ադրբեջանի ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները  ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ֆոնին: Այլ կերպ ասած`քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը հղի է լուրջ հետեւանքներով: 

Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած նախապայման անընդունելի է:

Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, եւ որեւէ սկզբունք չի կարող ավելի լինել, քան ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը:
Այսպիսով, «մյունխենյան թեզիսները» վերահաստատեցին, որ Հայաստանը շարունակելու է իր ավանդը ներդնել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության գործում եւ միեւնույն ժամանակ մեր երկիրը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի ամրապնդմանը` ապահովելով անվտանգություն եւ առաջընթաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր