«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի՝ այլ խրամատում գտնվելու». Քոքոբելյանն ու իր թիմը միացան Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ոչ միայն մենք, այլ նաև հասարակության լայն աջակցություն կլինի։ Սա մեկ-երկու օրվա պայքար չի լինելու, երկարատև պայքար է լինելու, և նոր չէ, որ մենք պայքարում ենք։ Որևէ հուսախաբության խնդիր չեմ տեսնում, կարծում եմ՝ պետք է զինվել համբերությամբ և պայքարել, որպեսզի ունենանք անկաշկանդ հանրապետություն»,- ասաց նա։
Հարցին՝ երեկվա բազմամարդ հանրահավա՞քն էր պատճառը, որ որոշեցին միանալ Փաշինյանին, նա բացասական պատասխան տվեց. «Բնականաբար, ոչ, մինչ այդ էլ առիթ է եղել, ես հանդիպել եմ Փաշինյանին իր քայլերթի ժամանակ, և բացարձակապես անսպասելի բան չկար ո՛չ երեկվա հանրահավաքի, ո՛չ վաղը չէ մյուս օրը, եթե սակավաթիվ լինի։ Երկարատև պայքարի ժամանակ տարբեր փուլեր են լինում, և պետք է մենք պատրաստ լինենք, առնվազն քաղաքական գործիչները դրան պետք է պատրաստ լինեն։ Ես չեմ պատկերացնում որևէ ընդդիմադիր հայացքների տեր մարդ, ով այսօր չպետք է գա այս հրապարակ»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ակնկալում՝ ընդդիմությունից ո՞վ կգա։ «Ես կարծում եմ՝ դա երկրորդական է, բոլորը կմիանան։ Չի կարելի տարանջատել, մենք այդ փուլն էլ ենք ապրել և համոզվել, որ դա անարդյունավետ է։ Ընդդիմությունն այդքան ներուժ չունի՝ առանձին-առանձին գործելու, ընդդիմությունն ուղղակի պարտադրված է՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածի հետ միասին, իսկ դա ՀՀ-ի ճնշող մեծամասնությունն է, միահամուռ գործելու»,- ի պատասխան՝ ասաց նա։
Դիտարկմանը՝ կարծում է՝ ընդդիմադիրները կմոռանա՞ն նախկինում եղածը, նա այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ կա խնդիր, և այդ խնդիրը լուծելու անհրաժեշտություն ունի։ Այսօր ՀՀ քաղաքացին ամենաէլեմենտար, օրհասական խնդիրների լուծման անհրաժեշտություն ունի, և որևէ մեկը բարոյական իրավունք չունի՝ այլ խրամատում գտնվելու»։
Նա նշեց, որ ցանկացած պայքարի ձև, որը ժողովրդավարական գործիքներից է օգտվում, խաղաղ է, իրենց կողմից ընդունելու է. «Այլ ճանապարհ ընդդիմությունը չունի, քան խաղաղ գործիքակազմից օգտվելը, և սա այդ գործիքներից մեկն է»։
Նա հավելեց, որ մնալու են Ֆրանսիայի հրապարակում. «Մեզ կմիանան նաև մեր համակիրները, և այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմադիր դաշտին մոռանալ նախկինում եղածը և միասին պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ։ Փաշինյանի առաջարկին նախ արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա նաև «Ազատ դեմոկրատները»՝ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ։