Պատգամավորները՝ քվեարկության մասին

Թեև ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի խոչընդոտի Ն. Փաշինյանի ընտրությանը, սակայն վերջին պահին հայտարարեց, որ դեմ է քվեարկում:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ասելիքը կասի հրապարակում: Լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա վատ չի՞ զգում այսօրվա քվեարկության համար: Ի պատասխան՝ նա ասաց. «Ընդհանրապես ոչ մի բանում վատ չեմ զգում»:
ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ այս քվեարկությամբ լարվածությունը կպահպանվի.
«Քվեարկությունն արդյունք չտվեց, լարվածությունը կպահպանվի»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հրապարակ գնաք՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ պարտադիր չէ հրապարակ գնալը, քանի որ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են: Նա կարծում է՝ այս անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ որոշակի հույսեր կային, որ ՀՀԿ-ի ներսում կգտնվեին խոհեմ մարդիկ, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ չէին հայտարարի.
«Մենք ընդունում ենք, որ մենք նրանց մասին ավելի լավ ենք մտածել, քան իրենք կան իրականում»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ իրենք միշտ պատրաստ են ընտրությունների: