ՀՀԿ-ական պատգամավորը իրավապահների ուշադրության ներքո.միայն անցյալ տարվա ընթացքում ստացել է 650 մլն դրամի նվիրատվություն
«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»:
Խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մասին էր, ով նաև հանդիսանում է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարն ու փաստացի համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը։
Նախարարի գրառումից կարճ ժամանակ անց Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց Հարությունյանի գրառմանը՝ նշելով. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը։»
Մենք հենց այդ գրառման տակ պրն Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բուհերն ու մյուս կառույցները պարտադիր կարգով են նվիրատվություններ կատարել հիմնադրամին, ինչպես նշել էր նախարարը։ Մեր հարցին ի պատասխան՝ պրն Ավագյանը նշեց, որ նվիրատվությունը պարտադիր կարգով չի եղել, եղել է բուհերի կառավարման խորհուրդների որոշմամբ։
Իսկ որքա՞ն նվիրատվություն է կատարվել ՀԵՀ-ին առանձին բուհերի և այլ կառույցների կողմից։
Azdarar.am կայքում զետաղված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունը, որտեղից երևում է, որ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է և ՀՀԿ պատագամավորը ըստ որոշ տեղեկությունների հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Այսպես, միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն։ Եվս 280 մլն դրամ ստացել է ՀՀ պետբյուջեից։
2017 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուներն են եղել հետևյալ կազմակերպությունները՝
– Երևանի պետական համալսարան՝ 125 մլն դրամ,
– ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե՝ 100 մլն դրամ,
– ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ 92 մլն դրամ,
– Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 80մլն դրամ,
– Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ 49 մլն դրամ,
– Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ 48.7 մլն դրամ,
– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 44 մլն դրամ,
– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 30 մլն դրամ,
– Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 15 մլն դրամ։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հաշվետվությունից։