18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

30 մայիս 2018 19:30

Հունիսից Ռուսաստանում աշխատող հայ վարորդները գործազուրկ կդառնան

Հունիսից Ռուսաստանում աշխատող հայ վարորդները գործազուրկ կդառնանՀունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայազգի վարորդները հայկական վարորդական իրավունքներով չեն կարողանալու գործունեություն ծավալել։ Նրանք պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք, սակայն այդ դեպքում էլ չեն կարողանա աշխատել, քանի որ ՌԴ վարորդական իրավունքներով տնտեսական գործունեություն կարող են ծավալել այն վարորդները, ովքեր 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեն։
Ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն արդեն անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցանկանում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կամ ՌԴ-ի, կամ Բելառուսի, կամ Ղրղըզստանի, կամ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ՝ արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախևառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:
Կատարված փոփոխությունները, սակայն, չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:
Նշենք, որ այս խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2018-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ։
ՌԴ վարորդներից մեկը՝ Արմեն Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ հայ վարորդները արդեն կանգնեցրել են իրենց մեքենաները և շվարած՝ չգիտեն ինչ անել։ Վարորդներ կան, ովքեր Ռուսաստանից բեռ են բերել Հայաստան և չգիտեն՝ հե՞տ գնալ ՌԴ, թե՞ ոչ, և հետ գնալու դեպքում ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն։
«Աբսուրդ վիճակ է ստեղծվել։ Այս փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին, ՀԱՊԿ-ի պայմանագրին, բոլոր այն պայմանագրերին, որոնցով մենք մտել ենք այդ տնտեսական միության մեջ։ Հիմա ստացվում է, որ Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան ունեն առավելություններ միայն նրա համար, որ իրենց մոտ երկրորդ լեզուն ռուսերենն է։ Արդեն երկու ամիս է՝ «Յանդեքս»-ը անջատել է հայ վարորդական իրավունքներով վարորդներին։ Ես նաև մարդ գիտեմ, ով արդեն գնացել է, քննություն է հանձնել, ռուսական վարորդական իրավունք է ստացել, բայց «Յանդեքս»-ում նրան գործի չեն ընդունում, քանի որ ստաժ չունի»,- ասաց մեր զրուցակից վարորդը։
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ սա բացարձակ տնտեսական խնդիր չէ, այլ քաղաքական հարց է, դրա համար էլ լուծում չի ստանում։ «Նախորդ կառավարությունը տարբեր ժամկետներ էր նշում, որ հարցը լուծում կստանա, բայց այդպես էլ չստացվեց։ Հիմա ցավալին այն է, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց մատը մատին չի տալիս հարցը լուծելու համար։ Հայ վարորդները դիմել են նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, սակայն նրանք լրիվ թքած ունեն հայերի վրա։ Նրանք միայն իրենց բիզնեսներով են զբաղված»,- ասաց Արմենը։
Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է խնդրին։ Անգամ խնդրի հետ կապված հանդիպում է ունեցել հայ տաքսիստների հետ։ «Ռուսաստանը հստակեցրել է իր օրենքները, ընդ որում՝ նաև ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Հիմա փաստացի խնդիր կա, բայց Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվել, և ես կարծում եմ, որ առաջիկայում համագործակցության նոր փուլ կսկսվի, և կառավարական մակարդակով այդ հարցերը կլուծվեն մոտ ապագայում»,- ասաց Նիկողոսյանը։ Իսկ մինչ խնդրի վերջնական լուծումը, Նկողոսյանի խոսքով, հայ վարորդները կարող են նոր վարորդական իրավունք ձեռք բերել և աշխատել։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սա ՀՀ քաղաքացիների հետ չի կապված։ Օտարերկրյա բոլոր քաղաքացիները, ովքեր աշխատում են Ռուսաստանում, ՌԴ-ի պահանջով պետք է նոր լիցենզավորում ստանան և շարունակեն իրենց աշխատանքները»,- ասաց Անդրանիկ Նիկողոսյանը։
Մեր դիտարկմանը, որ եթե խնդիրը ՀՀ վարորդների հետ չի կապված, ապա ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, բելառուսները նման խնդրի առաջ չեն կանգնել, մեր զրուցակիցը պնդեց. «Այո, ես կրկնում եմ՝ խնդիրը հայերի հետ չի կապված։ Մարդիկ պարզապես պետք է իրենց փաստաթղթերը պատրաստեն, գնան, քննություն հանձնեն, վարորդական իրավունք ձեռք բերեն։ Նոր հարաբերություններ են կառուցվում, որոնք ավելի են հստակեցվում։ Ես կարծում եմ, որ այսպես ավելի լավ կլինի։ Եվ ես համոզված եմ, որ գնալով նման այլ խնդիրներ, որոնք եղել են, բայց չեն բարձրաձայնվել, կբարձրաձայնվեն, և Հայաստանի նոր կառավարությունը դրանց լուծում կտա։ Հայաստանի նոր կառավարությունը նախկինում ընդդիմադիր դաշտում էր գործում և շատ ավ տիրապետում էր բոլոր խնդիրներին։ Հիմա լավ առիթ է, որ դրանք արդեն կառավարության մակարդակով բարձրաձայնվեն և լուծում ստանան։ Նոր վարչապետն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով փոփոխություններ չեն լինի, այնպես որ՝ բոլոր նախադրյալները կան»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր