ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

04 հուն 2018 14:40

Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն հարցի խաղաղ կարգավորման գործընթացում. Զոհրաբ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն հարցի խաղաղ կարգավորման գործընթացում. Զոհրաբ ՄնացականյանԼեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն՝ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Գիտեք, մենք ներկայումս գտնվում ենք այն փուլում, երբ ձևավորում ենք հիմքերը՝ շարունակելու բանակցային գործընթացը: Այս շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ես հեռախոսազրույց եմ ունեցել համանախագահների հետ, հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, այստեղ է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյան, մենք ընդունել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին Հայաստանում, ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և արդեն, որքան գիտեմ, հայտարարություն է արվել, որ հունիսի 7-ին լինելու եմ Մոսկվայում աշխատանքային այցով, և այդ այցի հիմնական իմաստը հանդիպելն է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Այս ամբողջ շարքը մեր աշխատանքն է, որը տարվում է գործընթացը շարունակելու ուղղությամբ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, գործընթացն ունի բավական երկար պատմություն, և այդ պատմության մեջ եղել ու մնում է մեկ հստակ իրողություն՝ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն այս խաղաղ կարգավորման գործընթացում:
«Ինձ թվում է, նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ «Nagorno-Karabakh conflict»: Լեռնային Ղարաբաղը դա հստակ, այսպես ասենք, զգույշ ասենք, միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը, դժվար թե, հնարավոր է արհամարհել: Վերջինիս որոշիչ ձայնն ի սկզբանե հստակ եղել է այս ամբողջ գործընթացի հիմքում: Եվ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության տարբեր շրջաններում, իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում, և այս ամենը արհամարհելը… սա իրողություններն են, և այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ այս ամենի համար էական, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Նա ընդգծել է, որ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք նպաստում են ամբողջովին հակառակ բանի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր