Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը          Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության       Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ    

07 հուն 2018 13:45

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարող էին իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ. Ն. Փաշինյան

ԼՂ հակամարտության բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը ներկայացնելիս նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց, որ իր այս դիրքորոշումը նորություն չէ, և հիշեցրեց, որ մինչև 1998 թ. Արցախը բանակցությունների լիարժեք անդամ էր, սակայն հայաստանյան իշխանությունները սկսեցին բանակցել Արցախի անունից:
«1998 թ. հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաև Արցախի անունից, ճիշտ են արել, թե ոչ, այլ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը մինչ ՀՀ նախագահ լինելը եղել է Ղարաբաղի ընտված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության շարժման մասնակիցներից է, հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք այս փաստին վերաբերվում»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ ինքն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող բանակել Արցախի անունից, քանի որ ինքը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական նման իրավունք չունի, ուստի Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել միայն արցախյան իշխանությունները:
«ԼՂ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ ընտրություններին, չի մասնակցում ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը, ԱԺ-ն ու կառավարությունը: Անշուշտ տեղյակ եք, որ ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ, Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ բանակցային ինքնուրույն կողմ պետք է դառնա նաև ԼՂՀ-ն, այսպես ասած, «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Իրականում սա կեղծ փաստարկ է, որովհետև ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել հակամարտությունից առաջ ու հետո»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով ԼՂ կոնֆլիկտին, շեշտեց, որ այն չունի ռազմական լուծում, սակայն ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն հանդիպելու է ԶՈՒ-ի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր