ԱԱԾ-ն մուտք է գործել Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան՝ իրենց բնորոշ ոճով առգրավել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։
«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-նշեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել են դատարան «Երևան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը:
Նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նիստի օրակարգը կցված չէ: