Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

11 հուլ 2018 12:18

Ադրբեջանում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է երկու ոստիկան. ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել. տեսանյութ

Ադրբեջանում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է երկու ոստիկան. ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել. տեսանյութԱդրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կրոնական ծայրահեղականների 150-200-հոգանոց խումբը Գյանջայի քաղաքապետարանի շենքի դիմաց փորձել է խախտել հասարակական կարգը:
Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են գործողություններ իրականացնել հասարակական կարգը վերականգնելու համար, ցույցի մասնակիցները իրենց մոտ եղած կտրող-ծակող և բութ առարկաներով դիմադրություն են ցույց տվել: Ադրբեջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ բախումների հետևանքով կրոնական ծայրահեղականները մահացու վիրավորումներ են հասցրել Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալաքիշիևին և Գյանջայի Նիզամի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովին:
Ոստիկանների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 40 անձ, մյուսներին հաջողվել է թաքնվել կամ փախչել տարածքից: Ձեռնարկված գործողությունների արդյունքում հասարակական կարգը 30 րոպեի ընթացքում վերականգնվել է, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: Դեպքի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել:
Գյանջայի բնակիչները Meydan TV-ին հայտնել են, որ Գյանջայում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել: Մարդկանց ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխում անմիջապես իրենց տներից:
Հուլիսի 3-ին մահափորձ էր տեղի ունեցել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ: 35-ամյա Յունիս Սաֆարովը կրակոցներ էր արձակել Վելիևի և նրա թիկնապահի ուղղությամբ: Վերջիններս հրազենային վիրավորումներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ Սաֆարովը ձերբակալվել էր:
Meydan TV-ի հաղորդմամբ՝ Էլմար Վելիևի դեմ մահափորձը ակտիվ քննարկումների առիթ էր դարձել սոցցանցերում: Ընդ որում քննադատական մեկնաբանություններ են հնչել նաև Գյանջայի քաղաքապետի գործունեության վերաբերյալ: Նախօրեի բողոքի ակցիան ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կազմակերպել էին Յունիս Սաֆարովի աջակիցները:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր