Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին «Մարտի 1-ի» գործի հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ ասաց, թե ինքը այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունի և տեղյակ չէ, թե զենքը, ինչպես է հայտնվել այնտեղ:
Հովիկ Աբրահամյանը հերքել է նաև Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվածը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի իրեն է պատկանում:
Նրա պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, բայց ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:
«Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև հաստատել է հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը «Մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության.
«Այո՛, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ–ը հայտնել էր, որ «Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը և ևս մեկ անձ։