Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանին » Հայացք լրատվական վերլուծական կենտրոն
15:42 - Մարտի 1-ի լուսանկարի հայտնի սևազգեստավորն այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է (տեսանյութ)         15:15 - Քոչարյանի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա նրան տեղափոխել են ապահով վայր      15:01 - Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Քոչարյանի պաշտպան    

10 օգոս 2018 14:43

Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանին

Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանինԱռողջապահության նախարարությունը վերջին 3 տարիներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող ընկերությանը հատկացրել է շուրջ 400 մլն դրամ գումար:
Առողջապահության նախարարությունը Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ի հետ: Դրանով նախարարությունը 2018-ին 143 մլն 218 հազար դրամ է նախատեսել հատկացնել ընկերությանը վերականգնողական բուժում իրականացնելու համար: Այս տարվա մայիսի 31-ի հանձնման-ընդունման արձանագրությունից պարզվում է, որ ավելի քան 44 մլն դրամն արդեն հատկացվել է:
Սակայն նախարար Արսեն Թորոսյանը, իր նշանակումից հետո, հայտնաբերել էր այս պայմանագիրը և ֆեյսբուքյան իր էջում առանձին անդրադարձել դրան: «Հերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում: Կենացները քաղցրանում են»,-գրել էր նա:
 
Պատահական չէր, որ նախարարն անդրադարձել էր այդ ընկերությանը:
«Գանձաղբյուր» ՍՊԸ-ն գրանցվել է 1999-ին: Այն Արզական համայնքում՝ Աղվերանի հանգստի գոտում գտնվող հանգստյան տուն և առողջարան է: Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը հիմնադրման օրվանից Ալեքսանդր Սարգսյանն է: Առողջարանը, սակայն, գործել է դեռևս խորհրդային միության տարիներին: Թե ինչպես է այն անցել Ալեքսանդր Սարգսյանին, պարզ չէ:
 Որպեսզի պարզենք, թե երբ է այն սեփականաշնորհվել և ում կողմից, ինչ պայմաններով, դիմեցինք Պետական գույքի կառավարման վարչությանը, որը, պարզվեց, նույնպես տեղեկություններ չունի:
«Հայտնում եմ, որ «Գանձաղբյուր» հանգստյան տունը մասնավորեցման ծրագրի ցանկերում ընդգրկված չի եղել, և ՀՀ ԿԱ ՊԳԿՎ նշված տեղեկատվությանը չի տիրապետում»,- հայտնել է վարչության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վ. Հարությունյանը:
«Գանձաղբյուր» ՍՊԸ-ն տարիներ շարունակ պետության կողմից ֆինանսավորվող բժշկական կենտրոնների շարքում մեծ գումարներ է ստանում պետբյուջեից: Օրինակ՝ մոտավորապես նույն չափի գումարի պայմանագիր ԱՆ-ն 2018-ին կնքել է Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոնի հետ, մի փոքր ավելի գումարի պայմանագիր՝ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի հետ: Փոխարենը՝ դրանից շատ ավելի քիչ գումարներ են հատկացվել Հանրապետական մանկական վերականգնողական կենտոնին (93 մլն դրամ), մարզային բժշկական կենտրոնների մեծ մասին:
2017թ. ԱՆ բյուջեից 115 մլն դրամ է տրամադրվել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին, այնքան, որքան նույն տարում Մալայանի կենտրոնին: Հանրապետությունում բյուջեից ֆինանսավորվող բժշկական հաստատությունների ցանկում ավելի շատ գումար 2017-ին տրամադրվել է 11 բժշկական կենտրոնների: Այսինքն՝ «Գանձաղբյուր» հանգստայան տուն-առողջարանը կարելի է ենթադրել, որ «մրցակցում» է հանրապետության խոշոր հիվանդանոցների հետ:
2016-ին «Գանձաղբյուր» առողջարանի հետ կնքվել է 155 մլն 760 հազար դրամի պայմանագիր,  բայց վճարվել է 140 մլն-ի չափով:  Այդ տարի բյուջեից իր ստացած գումարի մեծությամբ, Հայաստանի մյուս խոշոր հիվանդանոցների շարքում, «Գանձաղբյուր» առողջարանը 10-րդն է եղել:
 Վերոշարադրյալը միայն վերջին երեք տարիներին էր վերաբերում: Սակայն նույնանման է եղել նաև Առողջապահության նախարարության «տրամադրվածությունը» «Գանձաղբյուր» առողջարանի նկատմամբ նաև նախորդող տարիներին:
Օրինակ՝ Լոռու մարզպետարանի 2011-12 գործունեության մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել են հատուկ և սոցիալական անապահով խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթաց: Դրա հիման վրա 2011թ.մարզից «Գանձաղբյուր» առողջարան ուղեգրվել է  36 քաղաքացի, 2012-ին՝ 5 քաղաքացի:
 
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրերը Երևանի քաղաքապետարանին էլ է տրամադրվել, որով 2013 թ. Երևան քաղաքի համար հատկացվել է 208 ուղեգիր: Դրա կեսից ավելին` 120-ը բաժին է հասել «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին: Երևանի քաղաքապետարանը 2011-ին տրամադրել է 187 քաղաքացու, որից 90-ը՝ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին
 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նամակից պարզ է դառնում, որ պետության կողմից երաշխավորված բժշկական անվճար օգնության և սպասարկման բնագավառում 2014թ. մարտ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար Երևանի հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել են վերականգնողական առողջարանային բուժման ուղեգրեր, այդ թվում 120 ուղեգիր՝ «Գանձաղբյուր» առողջարանային կենտրոն:

 
Hetq.am

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր