Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. որպես գրավի չափ է սահմանվել 20 միլիոն դրամը: Այս մասին մեր զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ գրավն արդեն վճարված է:
Ծառուկյանի թիկնազորի պետն անազատության մեջ է գտնվում հուլիսի 3-ից. նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:
Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։
Ոստիկանությունը նույնպես հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։
Շատ չանցած գործով տուժողը հայտարարեց, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել, ընկել է: