ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստանում Կալաշնիկովի զենքերի արտադրություն հիմնելու և Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ դեսպանատնից առաջարկել են պատժամիջոցների մասին կոնկրետ հարցադրումներն ուղղել ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին, որն ԱՄՆ օրենսդրության հիման վրա ապահովում է պատժամիջոցների վարչարարման ու կիրարկման աշխատանքները:
Մեր հարցին, թե ՀՀ-ում ռուսական ռազմաարդյունաբերության հիմնման հարցը կքննարկվի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ, դեսպանատնից պատասխանել են, որ վարչապետի գրաֆիկին առնչվող աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ուստի չեն կարող հստակեցնել, թե այցի ընթացքում ինչ թեմաներ կքննարկվեն:
«Այնուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաների հետ ցանկացած հանդիպման կիզակետում լինելու են մեր երկու երկրների խորը և լայն կապերը, մասնավորապես՝ առևտրի ու ներդրումների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգություն ասպարեզներում»,- նշել են դեսպանատնից:
ԱՄՆ դեսպանատնից չեն հստակեցրել նաև՝ արդյոք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Կոնկրետ հանդիպումների հետ կապված նոր տեղեկություններ չունենք, բայց ևս մեկ անգամ փաստում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի ամուր և տևական գործընկերությունը»,- պատասխանել են ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնից։
168.am