Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով
«Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական հոդվածի 309 հոդվածի 1 մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության կողմից որպես վկա իրեն հարցաքննելու ծանուցում է ուղարկվել, այնուհետև մեղադրանք առաջադրել և բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողնվել:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ:
ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները: