Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

20 սեպ 2018 11:13

2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիները Ֆրանսիայում

2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիները Ֆրանսիայում2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիները Ֆրանսիայում։
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում` Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը նշվել է որպես ընկերության կապիտալ։
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները 2011-ի մարտին Փարիզում հիմնել ու ներկայում էլ տնօրինում են Nakrinamang ընկերությունը։ Ընկերության գործունեության մասին տվյալները սակավ են, իսկ շահույթ, ըստ ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի, Nakrinamang-ը չի ստացել, կարելի է ենթադրել, որ ընկերությունը հատուկ ստեղծվել է անշարժ գույքը ձեռք բերելու համար։
Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որը նաև զբոսաշրջային կենտրոն է։ Այն հիմնվել է 17-րդ դարում ու գտնվում է Սենա գետի ձախ ափին։  
Այստեղ կան կառավարական շենքեր (Ֆրանսիայի Սենատը, արտաքին գործերի նախարարությունը և այլն), դեսպանատներ, նաև հանրահայտ Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides), որտեղ գտնվում են ֆրանսիացի ճանաչված ռազմական գործիչների դամբարանները, այդ թվում Նապոլեոն Բոնապարտինը։
2,5 միլիոն եվրոյանոց բնակարան, 5,4 միլիոն եվրոյանոց ընկերություն․ Գագիկ Խաչատրյանի որդիները Ֆրանսիայում

Nakrinamang ընկերությունը սկզբնապես ստեղծվել է 2000 եվրո կապիտալով։ Դրանից 1000 եվրոն ներդրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, մյուս 1000-ը՝ նրա կինը՝ Քրիստինա Սաֆարյանը։ Ընկերության կապիտալը մեկ տարվա ընթացքում 2000 եվրոյից հասել է 2,622․000 եվրոյի։ Սա եղել է այն բանից հետո, երբ Nakrinamang ընկերությունը Փարիզի Յոթերորդ թաղամասի 6-րդ փողոցում բնակարան է ձեռք բերել։ Այն արժեցել է 2,620.000 եվրո (2011-ի դրամի փոխարժեքով արտահայտված՝ 1,286 միլիարդ դրամ)։ Բնակարանի հետ ձեռք են բերվել նաև կցակառույցներ։
Բացի այս՝ բնակարանի մոտակայքում Արտյոմ Խաչատրյանն ու նրա կինը ձեռք են բերել ավտոկայանատեղի՝ 9 Passage Landrieu հասցեում։ Գործարքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Սա Խաչատրյանների հիմնած ընկերության միակ գույքն է։ Նույն օրը ընկերությունում բաժնեմասեր են ձեռք բերել նաև Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Գուրգեն Խաչատրյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հունանյանը։
Մտնելով Nakrinamang-ի բաժնետերերի ցանկ՝ վերջիններս նույն չափով՝ 2,6 միլիոն եվրոյի բաժնետոմս գնելով ներդրում են կատարել ընկերությունում։ Այդպիսով, Փարիզում գրանցված ընկերություննն ամբողջությամբ կիսվել է Գագիկ Խաչատրյանի որդիների ու հարսների միջև։ Յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս (գումարային տվյալներով արտացոլված՝ յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 1,3 միլիոն եվրո), իսկ ընկերության ընդհանուր կապիտալը՝ ներառյալ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բնակարանը, կազմել է ավելի քան 5,2 միլիոն եվրո (2016-ի փոխարժեքով արտահայտված՝ 2,791 միլիարդ դրամ)։

Այս ընկերության կանոնադրությունում առկա է մի կետ, որը ևս ապացուցում է, որ Nakrinamang անունով ընկերությունը ստեղծվել է Ֆրանսիայում միայն անշարժ գույք ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ընկերության բաժնետերերը անհատույց կարող են օգտագործել գույքը, այսինքն՝ Փարիզում ձեռք բերված բնակարանը։ Բացի այդ՝ առևտրային կազմակերպությամբ բնակարանի ձեռքբերումը ենթադրաբար թույլ էր տալու դրա սեփականատերերին մնալ գաղտնի։
Սկզբնական փուլում Nakrinamang ընկերությունը, սակայն, գրանցված է եղել Փարիզի բոլորովին այլ՝ 39 rue des Perchamps հասցեում։
Խաչատրյանների ընկերությունում վերջին փոփոխություններն արվել են երկու տարի առաջ։ 2016-ի մայիսի 27-ին ընկերության տնօրենը՝ Արամ Խաչատրյանը, հեռացել է այդ պաշտոնից՝ բաժնետերերի ընդհանուր որոշմամբ։ Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է։ Նոր տնօրեն է նշանակվել ազգությամբ վրացի Գեորգի Կիզիլաշվիլին։ Վերջինս բաժնետեր չի համարվում, ու Կիզիլաշվիլիին Խաչատրյանները ընկերության կանոնադրությամբ արգելել են առանց իրենց համաձայնության իրականացնել 500 եվրոն գերազանցող գործարքներ։
Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, միայն Փարիզում չէ, որ թանկարժեք վայրում տնօրինում են անշարժ գույք։ «Հետք» ինտերնետային պարբերականը գրել էր, որ 2010-ին եղբայրները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել, որը հետագայում վաճառել էին 18 միլիոն դոլարով։ 2017-ին «Հետքը» նաև գրել էր, որ Խաչատրյան եղբայրները այս ամենից բացի Լոս Անջելեսի մեկ այլ հասցեում նոր վիլլա են կառուցում։ Այս գործարքների իրականացման ամբողջ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ղեկավարել է Պետեկամուտների կոմիտեն։
Խաչատրյանի երկու որդիներն իրենց ընտանիքների հետ ապրում են Երևանի Տերյան 66 հասցեում (հայտնի է որպես HSBC-ի շենք, քանի որ բանկի գլխամասային գրասենյակը այս շենքում է) գտնվող բարձրահարկի երկու տարբեր բնակարաններում։

civilnet.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր