Փաշինյանի աղմկոտ հայտարարության հետքերով. Մահն այնքան սարսափելի չէ, որքան մահվան սպասումը

Երեկվանից ԶԼՄ-ներում ենթադրություններ են արվում, թե ում մասին է խոսքը: Ընդ որում, գնալով «թեկնածուների» ցանկն ընդլայնվում է, տրվում են նորանոր անուններ: Եվ մինչեւ պաշտոնական հայտարարությունը չի բացառվում, որ այդ ցանկը հասնի տասնյակների:
Եվ դա հասկանալի է: Հայաստանում երկու տասնամյակ պատգամավորական մանդատը եղել է առքուվաճառքի առարկա, բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Մանդատը նաեւ անօրինական տնտեսական քվոտաների ու հարստանալու միջոց էր: Ինքնին իշխող խմբակցությունը ձեւավորվում էր կաշառքի միջոցով, որից հետո դրա անդամները զանազան «տնտեսական» խոշոր գործարքների ու լոբբինգի մեջ էին ընդգրկվում, ստանալով մեծ օգուտներ:
Այս իմաստով, նախկին իշխող համակարգի ցանկացած պատգամավոր կարող է հայտնվել այդ ցանկում, շատ քիչ բացառություններով:
Վարչապետի երեկվա հայտարարությունն ուշագրավ է նաեւ ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին, երբ փորձ է արվում պատգամավորական կորպուսը բերել կառավարության ծրագրերի իրականացմանը: Ինչպես ասում են, մահն այնքան սարսափելի չէ, որքան մահվան սպասումը: Նախկին իշխող համակարգը ներկայացնող պատգամավորների զգալի մասը կարող են հանգիստ «իրենց վրա վերցնել» այդ հայտարարությունը, քանի որ նրանք պարզապես թաթախված են կոռուպցիայի մեջ: