22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

05 նոյ 2018 18:18

Ովքեր են կազմելու նոր խորհրդարանի 1/3-ը

Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ հաճախակիացել են հարցերը, թե ո՞ր ուժերն ունեն խորհրդարան անցնելու հնարավորություն, բնականաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժից հետո: Հնչում են ամենատարբեր անուններ, դիտարկվում է իրավիճակը արդեն առանց Լույս դաշինքի, որը կարծես թե լուծարվել է: Հանրությունը, կամ հանրային կարծիք ձեւավորող սեգմենտները աշխուժորեն փորձում են դիտարկել, թե որ ուժը կլինի երկրորդը, երրորդը, հնարավոր է չորրորդը:
Այդ հարցադրումները թերեւս առավելապես պայմանավորված են իներցիայով, անգամ եթե խոսքը ՀՀԿ անցնել-չանցնելու մասին է: Հարցադրումները նախորդ համակարգից եկող իներցիան են, որովհետեւ խոսքն առնչվում է նախորդ համակարգից մնացած ուժերին:
Խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն, թե նրանցից որը կամ որոնք ինչ դասավորությամբ կհայտնվեն խորհրդարանում ու կկազմեն այն 1/3-ը, որի մասին գրված է Սահմանադրությունում: Անցնող վեց ամիսներին հասարակությունն ունի ընդամենը մեկ ուժ, այն էլ ոչ թե քաղաքական, այլ հեղափոխական եւ իշխանական՝ Քաղաքացիական պայմանագիր կամ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական ուժ հասարակությունը չունի, որովհետեւ դեռեւս չունի քաղաքականություն: Դեռեւս խնդիրը հեղափոխությունն ավարտելն է, ընդ որում հնարավորինս արագ ու սահուն, եւ քաղաքականությանն անցնելը: Այդ անցումը տեղի է ունենալու ոչ թե դեկտեմբերին, եւ ոչ էլ հունվարին կամ փետրվարին, այլ առաջիկա հնգամյակի ընթացքում: Քաղաքականություն, քաղաքական դաշտ, քաղաքական համակարգ չեն ունենում հինգ ամսում կամ մեկ տարում: Եվ դեռ հարց է, արդյոք կստացվի կամ հնարավոր է ունենալ հինգ տարի անց:
Այստեղ է հանրության սկզբունքային խնդիրը: Դեկտեմբերին հասարակությունը նույնիսկ իշխանություն չի ընտրելու, ուր մնաց ընտրի ընդդիմություն: Դեկտեմբերին հանրությունը Նիկոլ Փաշինյանին տալու է կառավարման համակարգը լիարժեք տնօրինելու հնարավորություն, այն հեղափոխական «պայմանագրի» շրջանակում, որ կնքել է նրա հետ:
Խոշոր հաշվով, դեկտեմբերին չի լինելու ընտրվող ուժ, որպեսզի դիտարկվի, թե այդ ընտրությանն ով ինչի է հավակնելու: Դեկտեմբերին լինելու է հանրության ապրիլ-մայիսին կատարած ընտրության ամբողջացում, որը պետք է բերի արդեն քաղաքական նոր եւ իրական՝ ոչ ցուցանակային համակարգի ձեւավորման:
Այդ իմաստով հայտնի է, թե ինչ է լինելու 1/3-ը: Խորհրդարանի 1/3-ը լինելու է հին համակարգը, տարբեր անվանումներով:
Խորհրդարանը, որ կձեւավորվի դեկտեմբերի ընտրությամբ, օբյեկտիվորեն չափազանց նեղ է լինելու այդ խոշոր խնդրի համատեքստում, որովհետեւ Հայաստանի հանրության ներսում տեղի են ունենալու խորքային տրանսֆորմացիաներ: Նոր իշխանության ռազմավարական խնդիրներից մեկն էլ այն է, որ ապահովի դրանց համար կայուն եւ գլխավորը՝ օրինական միջավայր, որպեսզի հաջորդ ընտրությունը՝ արդեն ընտրությունը, լինի ոչ թե արտահերթ, այլ հերթական՝ 2023 թվականին:
Նվազագույնը այդ ժամանակ իմաստավորված կլինի լրջորեն քննարկել, թե ուժերի ինչպիսի հարաբերակցություն կարող է լինել խորհրդարանում, եւ ինչպիսին կլինեն այնտեղ հայտնվող ուժերը: Ըստ էության, Հայաստանի հանրային-պետական կյանքում ներկայում հարցն այն չէ, թե ինչ ուժեր կհայտնվեն խորհրդարանում՝ եղած ներկապնակի պարագայում այդ հարցը սկզբունքորեն չի կարող ունենալ էական տարբերություն: Հարցը ներկայում այն է, թե արդյոք հասարակական-քաղաքական կյանքում կհայտնվեն որակապես նոր, ռազմավարական հեռանկարով ուժեր:
Աղբյուր՝ lragir.am

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր