Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 նոյ 2018 12:19

Գերմանիայում դեսպան նշանակված Աշոտ Սմբատյանը կապե՞ր է ունեցել մաֆիոզ խմբավորումներիի հետ

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:
Ըստ այդ հրապարակումների, հայկական մաֆիոզ խմբերին բացահայտելու համար վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունում հատուկ գործողություն է մշակվել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ). այն եղել է խիստ գաղտնի և իրականացվել է Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահների աջակցությամբ:
Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգելի», եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահներն արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով:
Ըստ գերմանացի լրագրողների, հայկական հանցավոր խմբերը իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2014-ից՝ Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաքում Էրֆուրտում խաղատան մոտ հայկական երկու հանցավոր խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: Ականատեսների խոսքով, հանցագործները դեպքի վայր էին ժամանել շքեղ ավտոմեքենաներով, կրակ բացել՝ հրազենային վնասվածքներ հասցնելով երկու հայազգի տղամարդկանց (27 և 54 տարեկան), ապա նույն այդ մեքենաներով, շռնդալից աղմուկով հեռացել՝ թողնելով ավելի քան 20 պարկուճ:
Իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսել, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով: Ընդ որում, արյունալի այս միջադեպից հետո կրքերը չէին հանդարտվել, փոխհրաձգությանը հետևել էր մեկ այլ հարձակում Գերմանիայում բնակվող հայերից մեկի ռեստորանի վրա, ծեծկռտուք և այլն:
Հետաքննության շրջանակներում, ըստ մամուլի հրապարակումների, շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայազգի բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները: Իրավապահներին, սակայն չի հաջողվել հիմնավոր ապացույցներ գտնել նրանց ու մյուս կասկածյալների դեմ:
Քննության ավարտին կազմված խիստ գաղտնի զեկույցը, այդուամենայնիվ, արձանագրել է, թե Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը ռուս-եվրասիական տարածաշրջանի մյուս հանցավոր խմբերի հետ միասին տիրապետում է էական ֆինանսական միջոցների՝ սպառնալով երկրում օրենքի գերակայությանը, հայտնում է Ազատությունը:
Ընդ որում, գերմանական հեղինակավոր լրատվամիջոցները նշում են, որ ամիսներ առաջ՝ այս տարվա մարտին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թյուրինգիա երկրամասի ոստիկանապետին ու առաջարկել պաշտոնական Երևանի աջակցությունը հայկական հանցավոր խմբերին բացահայտելու հարցում: Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը, սակայն գաղտնի շրջաբերականով գործընկերներին խորհուրդ է տվել վերջինիս հետ չհամագործակցել:
«Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել՝ մաֆիոզ խմբավորումների և Հայաստանի իշխանությունների հնարավոր սերտաճման պատճառով»,- ըստ «Շպիգելի», ասված է գաղտնի այդ փաստաթղթում: Լրատվամիջոցները, մասնավորապես, պնդում են, թե իրավապահները կասկածներ են ունեցել, որ 2015-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայում դեսպան նշանակված դիվանագետը կապեր է ունեցել հանցավոր խմբավորումների հետ, սակայն այս կասկածները հիմնավորող ապացույցներ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ՝ 2008-ին, երբ Սմբատյանը եղել է դեսպանատան աշխատակից, Դաշնային հետախուզական ծառայությունը կասկածել է նրան միջազգային մաքսանենգության մեջ, սակայն այս գործով էլ բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել և քննությունը հետաձգվել է:
Ինքը՝ Աշոտ Սմբատյանը, որ անցած շաբաթ համատեղության կարգով Հայաստանի դեսպան է նշանակվել նաև Լիխտենշտայնում, կտրականապես հերքել և անհեթեթություն է որակել այս մեղադրանքը: Ի դեպ, գերմանական հանրային հեռուստառադիոընկերությունը այս մասին ծավալուն ֆիլմ է նկարահանել, որը կհեռարձակվի վաղը:
Հայաստանի արտգործնախարարությունը, հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, թե կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:
«Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալ: Հավելյալ տեղեկություն կհայտնենք ըստ արդյունքների»,- նշել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր