Մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ. Ալիևը՝ պատերազմով կարգավորելու պատրաստակամության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Դուշանբեում ունեցած կարճատև զրույցից հետո, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում և ուղիղ կապ հաստատել, Ադրբեջանի ղեկավարությունը խուսափում էր ռազմատենչ հայտարարություններից, գրում է Ազատությունը:
Երեկ, սակայն, Իլհամ Ալիևը վերստին պնդել է, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի․ - «Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք ապագայում ևս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերևից և, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»:
Հայաստանի նոր ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորության մասին Ալիևը չի խոսել, բայց պնդել է, թե «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»:
«Նրանք պետք է բանակցություններրի միջոցով դուրս բերեն օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից և հնարավորություն տան Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ ու պատմական բնակավայրերը», - ասել է Ալիևը՝ հավելելով․ - «Որքան շուտ նրանք կհասկանան դա, այդքան լավ իրենց համար ու տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ»:
Պաշտոնական Ստեփանակերտից հաղորդում են, որ այսօրվանից Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև այս շաբաթավերջ: Չորս փուլով անցկացվելիք զորախաղերը, ըստ հաղորագրության, կավարտվեն «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով զորավարժությամբ:
Մինչ այդ, երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նկոլ Փաշինյանն էր այցելել Արցախ և տեղի իշխանությունների հետ քննարկել Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: