«Փաստ». Նիկոլի ուսապարկը, «դուխով» կեպկան, Նիկոլի հազը ու անվստահության սինդրոմը

Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:
Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության էֆեկտը՝ այն ստորադասելով անշունչ առարկաներին:
Այս մոտեցումը շատ նման է ադրբեջանցիներին ոչխար անվանելու տարածված դրսևորմանը: Այդ դրսևորման խնդիրն այն չէ, որ չի կարելի որևէ ժողովրդի անվանարկել: Խնդիրն այն է, որ ոչխար անվանելով մի ժողովրդի, որի հետ մենք պատերազմում ենք, մենք նսեմացնում ենք ոչ թե իրենց, այլ մեզ, որովհետև ստացվում է, որ տարիներ շարունակ չենք կարողանում ի օգուտ մեզ լուծել կոնֆլիկտը, որի մյուս կողմում ոչխարներ են:
Հանրապետականների խնդիրն այժմ ոչ թե իշխանության այնպիսի սխալների մատնանշումն է, որոնք կհանգեցնեն մի իրավիճակի, երբ այդ նույն սխալները կգտնվեն, այս անգամ, սակայն, իրենց դեպքում, այլ այդ սխալների ուղղումը: Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում: Ավելին, եթե դա հաջողվի հանրապետականներին, նրանք ակնհայտորեն առավելություն կունենան այն ՔՊ–ականների համեմատ, որոնց միակ խաղադրույքը Փաշինյանի հեղինակության չարաշահումն է լինելու: Ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ հենց այս խնդիրը լուծելու վրա, ոչ թե սեփական այիբն այլոց վերագրելով, թեկուզև և արդարացիորեն վերագրելով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում