Էրդողանը խոսել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին
Թուրքիան բարելավում է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ անկախ այլ երկրների ճնշումներից, որոնք ոչ մեկին օգուտ չեն բերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով գազատարի ծովային հատվածի կառուցման ավարտի արարողությանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Արարողությանը մասնակցել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններին երբեք չի մոտեցել ելնելով այլ երկրների պահանջներից։ Իրավիճակները, որոնց դեպքում խախտվում են պետության ինքնիշխան իրավունքները, ոչ մեկին օգուտ չեն բերի։ Մեզ համար Ռուսաստանը երկարաժամկետ հուսալի բարեկամ եւ գազի կարեւոր մատակարար է»,- ասել է Էրդողանը։
«Թուրքական հոսք» նախագծով կառուցվում է յուրաքանչյուրը 15,75 մլրդ խ/մ հզորությամբ երկճյուղ գազատար։ Առաջին ճյուղը նախատեսված է թուրքական սպառողներին, իսկ երկրորդը Հարավային եւ Հարավ-արեւելյան Եվրոպային գազ մատակարարելու համար։
Գազատարը կգործարկվի մինչեւ 2020թ․ հունվարի 1-ը։