Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

30 նոյ 2018 09:46

Իրավիճակ է 180 աստիճանով փոխվելու . «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելն» այլևս չեն աշխատի. «Փաստ»

Իրավիճակ է 180 աստիճանով փոխվելու . «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելն» այլևս չեն աշխատի. «Փաստ»«Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու: Այս առումով պետք է կարևորվեր քաղաքական բովանդակությունը, բայց հորդորները տեղ չեն հասել: Եթե ընտրակաշառքը դերակատարություն չունի, ապա քվեարկելու հիմնական խթանը դառնում է քաղաքական բովանդակությունը: Իսկ քաղաքական բովանդակությունը լիարժեք չի կարող ներկայացվել այն պարզ պատճառով, որ կուսակցություններն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, չեն հասկանում, որ ընտրական գործընթացի էությունը փոխվել է:
Շատ քաղաքական ուժեր, որոնք կարող էին լիարժեք և բավականին հարուստ քաղաքական բովանդակություն ներկայացնել, չեն ներկայացնում: Բացի այդ, խնդիրը ոչ այդքան իրավիճակին ադեկվատ չլինելն է, այլ չիմացությունը. չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել քաղաքական բովանդակությունը, որովհետև ազատ, արդար և թափանցիկ ընտրության փորձ չի եղել, որի ժամանակ հաղթող լիներ միտքը և ոչ թե գոռգոռոցը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

«Իմ քայլի» և ՀՀԿ-ի փոխադարձ մեղադրանքների հանդեպ առկա մեծ ուշադրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նշված քաղաքական բովանդակության խնդրով:
«Եթե Ազգային ժողովում հայտնվելիք ուժերը լիարժեք քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ապա ուշադրությունը կկենտրոնանար դրա վրա: Բայց քանի որ այն թերի է, ուշադրությունը կենտրոնացվում է ուժերի «փոխհրաձգության» վրա, ինչն էլ տեսանելի է դառնում»,- շեշտեց նա՝ ընդգծելով, որ այդ հռետորաբանության տեսանելի դառնալը քաղաքական բովանդակության շատ թերի լինելու ցուցիչն է:
«ՀՀԿ-ն վերցրել է նախընտրական կամպանիայի սև ու սպիտակի մեթոդաբանությունը, և, բնականաբար, իրենք անընդհատ պետք է քննադատեն իշխող ուժին: Ի դեպ՝ ՀՀԿ-ին ձեռք է տալիս նաև իշխող ուժի քննադատությունը: Իրենց քննադատելով՝ իշխող ուժն իրենց պահում է քաղաքական օրակարգում: Հույս ունեն, որ այդպիսով իրենք կարող են իշխող քաղաքական ուժին որպես միակ այլընտրանք լինել, ինչն էլ, ըստ իրենց, հնարավորություն կտա հայտնվել ԱԺ-ում: Իհարկե, մեծ խմբակցություն ունենալու խնդիր չի դրվում՝ խոսքը առնվազն 5 տոկոսի մասին է: Իսկ իշխող ուժն էլ անընդհատ իրենց «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «բոմժացնելու» մասին խոսքերով է քննադատում:
Եվ այս քաղաքական ուժի ղեկավարը նախընտրական կամպանիան, փաստորեն, վերածում է հեղափոխության շարունակության: Միգուցե հաշվի առնելով, որ իրենց ընտրազանգվածը ցանկանում է դա լսել, իրենք հենց դա են առաջարկում: Երևի մտածում են, թե իրենց էլեկտորատն այն ընտրազանգվածն է, որին դուր է գալիս ՀՀԿ-ին «պատին ծեփելը», «գետնին» ու ասֆալտին փռելը:
«Ասֆալտին փռելու» մարտավարությամբ նրանք ծածկում են քաղաքական բովանդակության բացը, որը կա՛մ չկա, կա՛մ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է ներկայացնել այն: Բոլոր բնագավառների հայեցակարգերի, մոտեցումների բացակայությունն իրենք փոխարինում են խիստ զգացմունքային և ագրեսիվ հռետորաբանությամբ: Եվ իրենց թվում է, որ դա իրենց հաջողություն կբերի, որովհետև հասարակության մոտ ՀՀԿ-ի նկատմամբ ատելությունը բարձր է, իսկ եթե դու խիստ քննադատում ես ՀՀԿ-ին, հնարավորություն ես ունենում ԱԺ-ում բավականին մեծ ներկայացվածություն ունենալ: Բայց սա ևս ռիկային է, որովհետև ապրիլ-մայիսյան իրադարձություններից արդեն 7 ամիս է անցել, և հիմա անգամ սեպտեմբերյան Երևանը չէ, որտեղ այդ մարտավարությունը բավականին մեծ հաղթանակ բերեց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այդ հռետորաբանությունը հաղթանակ, այնուամենայնիվ, կբերի, բայց այս պահի դրությամբ այն արդյունավետությունը կարող է և չունենալ, ինչն ուներ Երևանի ավագանու ընտրություններին:
«Միգուցե 60 տոկոս ունենալու համար այս հռետորաբանությունն իրենց ամբողջովին բավարարո՞ւմ է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ հետևյալը. դեկտեմբերի 9-ին, երբ 20:00-ին կփակվեն ընտրատեղամասերը, Հայաստանում հեղափոխությունը կավարտվի: Եվ այլևս «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու», «մինչև լուսին շպրտելու» մասին հեղափոխական տերմինաբանությունները ոչ միայն չեն աշխատելու, այլև կսկսեն հակառակ արդյունքը տալ:
20:00-ից հետո իշխող ուժն ուզի, թե՝ ոչ, պետք է քաղաքական բովանդակություն և հայեցակարգ ներկայացնի: Դեկտեմբերի 10-ից իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է և սկսելու է աշխատել «հանուն»-ը: Մարդիկ կարող են 7 ամիս սպասել, հասկանալ, որ իրավիճակը պետք է փոխվի, բայց, օրինակ, 8-րդ, 9-րդ, 10-րդ ամիսը կարող է արդեն չսպասեն: Հիմա մարդիկ արագ փոփոխությունների կարիք ունեն, իսկ արագ փոփոխություններն այդ հեղափոխական հռետորաբանությամբ դեկտեմբերի 10-ից հետո չես կարող իրականացնել: Մինչև դեկտեմբերի տասն էլ կհամբերեն, որից հետո կտրուկ պատասխան են պահանջելու՝ ամեն ինչ շատ արագ փոփոխությունների ենթարկելու մասով: Այստեղ հռետորաբանությունը կմոռացվի, եթե չմոռացվեց՝ նույն մարդիկ շատ արագ դուրս են գալու վարչապետի դեմ»,- ընդգծեց Ա. Բադալյանը:
Վերադառնալով քարոզարշավին ու անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին՝ Արմեն Բադալյանը տվեց «միջակություն» որակումը:
«Այս օրերի ընտրական գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ուժեր ուղղակի, մեղմ ասած, ներկայացնում են զուտ տրաֆարետային բովանդակություն, և իրենց թվում է, թե դա բավարար է, ինչն այդպես չէ»,- ասաց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր