Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին. Բաքուն սպասում հարմար մի պահի, որ հարվածի Ղարաբաղի ուղղությամբ
Որևէ դեպքում չի կարելի հարց դնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները թուլացել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
«Պաշտոնական հարթությունում հայ-ռուսական հարաբերությունները բարդացել են: Դրա վկայությունն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ գործողություններ արվեցին, ներկայիս իշխանությունները քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ՝ առանց նրան հետ կանչելու: Այնինչ, Յուրի Խաչատուրովին պետք էր հետ կանչել այդ պաշտոնից, հետո նրա դեմ գործ հարուցել: Այսինքն՝ խախտվեցին ոչ ֆորմալ կանոններ այն դեպքում, երբ կա Ղազախստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, որը հակասում է Հայաստանի դիրքորոշմանը, կա Բելառուսը, որը ևս սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ»,- մանրամասնեց Վլադիմիր Եվսեևը:
Փորձագետի խոսքով՝ պաշտոնական մակարդակում դժվարություններ կան, որոնք լուծված չեն: Հարցին՝ ի՞նչն է խանգարում լուծել դժվարությունները, որոնք կան ՀՀ-ՌԴ պաշտոնական հարթությունում, ապա Եվսեևն ասաց, որ Հայաստանի կառավարությունում աշխատող մարդիկ պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն:
«Երկրորդ հերթին, կարծում եմ, որ սխալ է մեկնաբանվում Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ադրբեջանը սպասում է, սպասում է իրեն հարմար մի պահի, որ հարված հասցնի: Դա ժամանակի հարց է: Եթե, տեսականորեն, Հայաստանի տնտեսությունը վատթարանա, կսկսվի ոչ ստաբիլ մի վիճակ, որի հետևանքով Բաքուն կարող է մտածել, որ հարվածելու պահն է»,- ասաց վ. Եվսեևը:
Նա նշեց, որ գերագնահատված է օպերատիվ կապի դերն Իլհամ Ալիևի հետ: «Կապի միջոցները արդյունք են տալիս այն ժամանակ, երբ կա քաղաքական երկխոսություն, բանակցություն: Եթե սա Հարավային Կորեայի նման պետք է լինի, որ մի աշխատակից զանգի հակառակորդին ու ասի, որ այստեղ անձրև է, կարող է ականներ պայթեն, հանգիստ կվերաբերվեք, արդյունք չի տա: Նրանք դա հասկացան ու թուլացրին զենքի կենտրոնացումը սահմանին, սահմանափակեցին ռազմական զորավարժությունների անցկացումը… Այս ամենը չկա Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է հարվածի հավանականությունը Ղարաբաղի ուղությամբ նվազել, եթե Ադրբեջանն անգամ դեմ էր շփման գծում վերահսկողությանը: Կա քանակի նվազեցում, բայց դա արդյունք է նրա, որ տեսանկարահանում են շփման գիծը»,- նշեց Վլադիմիր Եվսեևը: