Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 դեկ 2018 18:35

Իջևանում նապաստակի որսի ժամանակ երիտասարդի կրակոցից սպանվել է որսորդ «Շվիլը»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սեյրան Մ.-ի գործի դատական քննությունը:
22-ամյա Սեյրան Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Իջևանի բնակիչ Սեյրան Մ.-ն 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 12-ի սահմաններում Իջևանի «Աղայա» սարամասում նապաստակ որսալու ժամանակ իրեն պատկանող «ԻԺ- 26» մոդելի,12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով, չնկատելով իր հետ որսի գնացած ու անսպասելի՝ փախչող նապաստակի ուղղությամբ հայտնված Կառլեն Մ.-ին, կրակ է արձակել նապաստակի ուղղությամբ, բայց մետաղական կոտորակը դիպել է Կառլեն Մ.-ի ձախ ուսագոտուն՝ նրան պատճառելով մահ:
Դատաքննության ընթացքում Սեյրան Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ունի իր անունով հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ճանաչում է «Շվիլ» մականունով Կառլեն Մ.-ին, նա իր քրոջ ամուսնու հորեղբայրն էր, ինքը նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել: Իմացել է, որ «Շվիլը» օրինական որսորդ է, և ցանկություն է հայտնել նրա հետ որսի գնալու:
Իր փեսայի եղբայր Արմանը հունվարի 5-ին զանգել է իրեն ու հայտնել է, թե «Շվիլը» հաջորդ օրվա առավոտյան գնալու է որսի, ինքը թող պատրաստ լինի, որ գնա «Խոլարքեր» կոչվող սարամաս՝ այնտեղից որսի գնալու:
Հաջորդ օրը, առավոտյան ժամը 7-ին ինքը վերցրել է իր որսորդական հրացանը, գնացել է «Խոլարքեր» սարամաս: «ՈւԱԶ» մեքենայում էին ինքը, «Շվիլը», նրա եղբորորդիները՝ Արմենն ու Արմանը, ևս երկու անծանոթներ՝ իր հասկանալով նրանք «Շվիլի» ծանոթներն էին:
Իրենք բարձրացել են «Աղայա» սարամաս, որտեղ ոչ ոք չի բնակվել:
Մեքենան կանգնելուց հետո նապաստակի հետքերով քայլել են մոտ 300 մետր, կանգնել են մի բլրի մոտ: Այնտեղ «Շվիլը» դիրքավորել է իրենց այնպես, որ յուրաքանչյուրը կոնկրետ իր տեղը զբաղեցնի: Ինքը կանգնել է բլրի կենտրանական հատվածում, իրենից դեպի աջ՝ ձորի բերանին պիտի որ դիրքավորված լիներ «Շվիլը», ինքը նրան չէր տեսնում: Մյուսներն էլ ունեին իրենց տեղերը, Արմանն ու երկու անծանոթները շների հետ են եղել, նրանք շարժվել են նապաստակի հետքերով:
«Շվիլը» զգուշացրել է, որ, անվտանգությունից ելնելով, յուրաքանչյուրը մնա իր դիրքում:
Որոշ ժամանակ անց իր ձախ կողմից, մոտ 10 մետր հեռավորությունից ինքը տեսել է նապաստակին, հրացանը պահել է նրա ուղղությամբ, նշան է բռնել ու հրացանը մարտական վիճակի է բերել: Նշան բռնած վիճակում ինքը թեքվել է նապաստակի շարժման ուղղությամբ՝ ձախից աջ, ու մեկ անգամ կրակել է, բայց նապաստակին չի դիպել: Դրանից 5 վայրկյան անց ինքը երկրորդ անգամ է կրակել ու նապաստակն ընկել է:
Նապաստակի ընկնելուց հետո ինքը տեսել է «Շվիլին», նա իրեն ասել է. «Էս ի՞նչ ես անում», ձեռքը տարել է դեպի ձախ ուսն ու պառկել է գետնին:
«Շվիլը» նախնական դիրքից շարժվել էր դեպի վերև մոտ 20 մետր: Նրան առաջինը մոտեցել է ինքը, հետո եկել են Արմանն ու անծանոթները, վերջում եկել է Արմենը:
Ինքը տեսել է, որ «Շվիլի» ձախ ուսի հատվածում փոքր անցք կա: «Շվիլին» իջեցրել են մեքենայի մոտ: Վերքից արյուն չի հոսել, «Շվիլի» գիտակցությունը տեղն էր: Մեքենայով տեղափոխելու ժամանակ՝ չհասած «Խոլարքեր», նա գիտակցությունը կորցրել է: Արմենը զանգել է հորը, հայտնել է կատարվածի մասին, ասել է, որ նա մեքենայով գա, հորեղբորը շտապ հասցնեն հիվանդանոց: Այդպես էլ արել են: Ինքը հիվանդանոց չի գնացել: Հետո իմացել է, որ «Շվիլը» մահացել է:
Ամբաստանյալը պնդել է՝ ինքը չի ցանկացել , որ կրակի ու սպանի «Շվիլին», կրակելու ժամանակ նրան չի տեսել: Իր դիրքը բոլորից առաջ էր, ինքը մեջքով էր կանգնած դեպի մյուսները, դրա համար էլ չի տեսել, որ «Շվիլը» փոխել է դիրքը: Բացի իր արձակած երկու կրակոցից, ոչ ոք կրակոց չի արձակել: Իր հրացանի մեջ երկու փամփուշտ կար, ինքն ավել փամփուշտներ չէր վերցրել:
Իր կարծիքով՝ ինքը հանցագործություն չի կատարել, քանի որ իրեն դիրքավորել էր «Շվիլը»՝ որպես փորձված որսորդ, պայմանն այն էր, որ ոչ ոք մյուսների տեսադաշտում չպիտի հայտնվեր, ինքը չի պատկերացրել, որ «Շվիլը» կարող է թիկունքից հայտնվել իր կրակային տարածքում, դրա հետևանքով էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: «Շվիլը», որպես փորձառու որսորդ, իրենց բացատրել է անվտանգության կանոնները, բայց նա էլ խախտել է դրանք:
Տուժողի իրավահաջորդը՝ Կառլեն Մ.-ի որդին, հայտնել է, թե հայրը գտնվել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի: Նա Հայաստան էր եկել 2017 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ամանորը իրենց հետ նշելու: Հայրը երկու հատ օրինական որսորդական հրացան ուներ: Դեպքի օրն ինքն արթնացել է, հայրն արդեն տանը չէր՝ գնացել էր որսի: Կեսօրին իմացել է, որ հայրը մահացած վիճակում տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Հորեղբոր ընտանիքից տեղեկացել է, որ Սեյրանը կրակել է նապաստակին, բայց գնդակը պատահական դիպել է իր հոր ուսին, որից հայրը մահացել է: Իրենց ընտանիքը բողոք չունի, քանի որ համոզված են՝ Սեյրանը չի ցանկացել սպանել հորը, կատարվածը պատահականություն է:
Դատարանը Սեյրան Մ.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 1 տարի ազատազրկման:
Սեյրան Մ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, և նա ազատվել է նշանակված պատժից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր