Նորածին երեխային սպանել է համբույրը
Բրիտանացի երիտասարդ զույգը պատմել է իրենց նորածին աղջկա՝ Կիարայի մահվան մասին: Երեխան վարակվել է հերպեսի վիրուսով և չի կարողացել պայքարել դրա դեմ, հաղորդել է Metro պարբերականը:
Ուեստ Յորքշիր կոմսության բնակչուհի Քեյլի Այնեսոնը պատմել է, որ հղիությունը բարդ է եղել: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո նրան հայտնել են, որ պտղի մոտ Դաունի սինդրոմի զարգացման հավանականությունը մոտ հինգ տոկոս է և առաջարկել են ընդհատել հղիությունը:
Սակայն, կինը մերժել է այդ տարբերակը և որոշել է ցանկացած դեպքում լույս աշխարհ բերել երեխային:
Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Երկու օր անց Այնեսոնը և նրա դուստրը տուն են վերադարձել: Սակայն, ընդամենը մի քանի օր անց, կրկին հայտնվել են հիվանդանոցում, քանի որ Կիարան սկսել է արագ քաշը կորցնել: Երեխայի մոտ հերպես են ախտորոշել, որի պատճառով արյան վարակ է սկսվել: Բժիշկները որպես վարակի ամենահավանական աղբյուր նշել են հարազատներից մեկի համբույրը:
Բժիշկները զգուշացրել են, որ նույնիսկ եթե երեխան կենդանի մնա, նրա ուղեղը խիստ վնասված կլինի: Ծնվելուց երկու շաբաթ անց, որոշվել է նորածնին անջատել արհեստականորեն կյանք ապահովող սարքից, քանի որ այլևս հնարավոր չէր նրան փրկել:
«Ամենավատ մղձավանջներում ես չէի կարող պատկերացնել, որ համբույրը կսպանի իմ երեխային, և ես չեմ ցանկանում, որ ուրիշ ծնողներ ևս անցնեն սրա միջով»,- ասել է Քայլին: Երեխային կորցնելուց հետո նա խոստացել է ամեն բան անել, որպեսզի մարդիկ ավելի շատ տեղեկություն ունենան հերպեսի վտանգների մասին: