Լվովի սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին մահացել է

Ինչպես հաղորդում է 112.ua կայքը, վկայակոչելով քաղաքային խորհուրդը, տղամարդը մահացել է հունվարի 1-ին: Նա մշտապես գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, քանի որ նրա վիճակը ծանր էր գնահատվում:
«Մեզ հաջողվել էր հաղթահարել այրվածքային շոկի փուլը, սակայն հաջորդ փուլը, որն ի հայտ է գալիս ավելի քան 20 տոկոս այրվածքների դեպքում, թունավորման փուլն է: Երեկվանից հետազոտությունների արդյունքներով վիճակի վատթարացում է գրանցվել, երիկամային անբավարարություն է զարգացել: Ցավոք, խորը այրվածքների պատճառով ուժեղ թունավորում է տեղի ունեցել, նրա մոտ 50 տոկոս այրվածք է եղել»,-ասել է հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալ Իգոր Ստոյանովսկին:
Լվովի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և մտերիմներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Լվովի Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող սուրբծննդյան տոնավաճառի առևտրի տաղավարներից մեկում գազի բալոն էր պայթել: Հրդեհի հետևանքով տուժել էր 5 մարդ: