21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

30 հուն 2019 17:20

Աբովյանում զինված միջադեպի գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի որդին առնչություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն  գործի շրջանակներում հարցաքննվել է և պարզվել է, որ նա որևէ մասնակցություն չի ունեցել միջադեպին»,–ասաց նա՝ նշելով, որ Նվեր Ծառուկյանի միջադեպի պահին այլ վայրում է գտնվել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործով հարցաքննվել են և շարունակվում են հարցաքննվել տարբեր անձինք. «Նրանց  թվում հարցաքննվել է նաև Նվեր Ծառուկյանը»,–ասաց նա։
Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։  Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ։ Նրանցից  Շանթ Մանուկյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին ձերբակալվել է  խմբի կազմում խուլիգանություն կատարելու,  իսկ Արթուր Վարդանյանը սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
 Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Շշի Մելո մականունով հայտնի Մելիք Մանուկյանին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր