Տեսանյութ. Պետության անունից ներողություն եմ խնդրում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձը

«Նաեւ արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
Ներողություն եմ խնդրում նաեւ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված եւ համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, եւ այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն:
Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, եւ այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:
Սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլեւս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու բռնության դեպքեր: Նման դեպքեր, ցավոք սրտի, դեռ կան, կարող են լինել: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որեւէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան»,-ասաց Փաշինյանը: