Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

06 ապր 2019 20:18

Սիրելի կանայք, եղեք ինքնատիպ, երբեք մի ընկրկեք դժվարություններից և թող ձեր սրտերում միշտ գարուն լինի

Սիրելի կանայք, եղեք ինքնատիպ, երբեք մի ընկրկեք դժվարություններից և թող ձեր սրտերում միշտ գարուն լինիԿանանց մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանի հետ:
 
-Ըստ Ձեզ, Հայաստանում այսօր կանայք որքանո՞վ են ներգրավված հասարակական-քաղաքական գործընթացներում: 
-Հայաստանում գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում և «թավշյա հեղափոխությունը», հստակ ցույց տվեցին, որ Հայաստանում կանայք, զրկված լինելով իշխանական կառույցներում կշռուն ուժից, կենտրոնացել էին քաղաքացիական հասարակության խնդիրների վրա։ Հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին՝ մեծապես երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը: 
Իհարկե, գործադիր իշխանությունում, և հատկապես, ՏԻՄ մակարդակում կանանց ներգրավվածությունը հեռու է գոհացուցիչ լինելուց, սակայն հուսանք, որ սա ևս ժամանակի խնդիր է:
 
-ԱԺ-ում կին պատգամավորները 132–ից ընդամենը 32-ն են: Գոհացուցի՞չ է: 
-Առավել զարգացած հասարակություններում, իհարկե, գոհացուցիչ թիվը 50/50 ներկայացվածությունն է: Իսկ եթե ավելի հստակ, ապա գոհացուցիչ է այն հանգամանքը, որ վերջին 3 գումարման խորհրդարաններում կանանց ներկայացվածության տոկոսային հարաբերությունը անշեղորեն աճում է: Այժմ այն 24 տոկոս է կազմում:
 
-Կին պատգամավորն ի տարբերություն տղամարդու ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել:
-Այն խմբակցությունը, որը ես եմ ներկայացնում, կին և տղամարդ պատգամավորների միջև երբեք արհեստական խտրականություն չի դրսևորել՝ հետևաբար խոչընդոտների առումով ևս հնարավորություններն ու դժվարությունները հավասար են:
Այլ հարց է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանայք մրցակցությունից արհեստականորեն դուրս են մղվում, որովհետև այստեղ ավելի շատ աշխատում է տղամարդու «հեղինակության» և շրջապատի գործոնը: Նույնը նաև ռեյտինգային ընտրակարգի դեպքում է:
 
-Իսկ որո՞նք են առավելությունները:
-Հարցը պետք է դիտարկել նախորդ պատասխանի համատեքստում: Կարծում եմ ազնիվ և անընդմեջ աշխատանքն է ապահովում առավելություններ:
 
-Կա նման կարծրատիպ, որ քաղաքականությունում տղամարդիկ առավել հաջողակ են:
-Հարցի մեջ ճիշտ եք շեշտել՝ կարծրատիպ, որը հետզհետե մեր հասարակությունում սկսում է նահանջել: Աշխարհում հաջողակ կին քաղաքական գործիչների օրինակներն այնքան շատ են, որ այս կարծրատիպը ուղղակի այլևս կենսունակ չէ:
 
-Արդյո՞ք կնոջ համար դժվար չէ համատեղել ընտանիքը, կենցաղը և քաղաքականությամբ զբաղվելը:
-Ասել, որ դա հեշտ է, իհարկե ճիշտ չի լինի: Բայց ասել, որ անհնար է՝ առավել քան սխալ կլինի: Այստեղ մեծապես կարևոր է ընտանիքի գործոնը: Եթե քեզ աջակցում են, ամեն հարցում քո կողքին կանգնած են, ամեն ինչ հնարավոր է լավագույնս կազմակերպել:
 
-Եթե համեմատելու լինենք 20 և 21-րդ դարի կին քաղաքական գործիչներին:
-Ամեն դարաշրջան թելադրում է իր պահանջները տվյալ պահի քաղաքական գործիչներին: Դա վերաբերում է ինչպես տղամարդ, այնպես էլ կին քաղաքական գործիչներին: Եվ եթե համեմատելու լինենք, ապա առավել ցայտուն տարբերությունը նախորդ դարի համեմատ, իհարկե, ընտրական իրավունքի մասսայականացումն է: Չմոռանանք, որ նախորդ դարասկզբում աշխարհի շատ երկրներում կանայք նույնիսկ ընտրելու իրավունք չունեին: Սա, իհարկե, մեզ չի վերաբերում, քանզի մեր առաջին հանրապետությունում՝ դեռևս 1918 թ-ին, մենք խորհրդարանում ունեցել ենք 3 կին պատգամավոր:
 
-Ի՞նչ է երջանկությունը կնոջ համար:
-Առողջ և երջանիկ ընտանիք, ներդաշնակություն ընտանիքում և հասարակության մեջ:
 
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար:
-Ուշադրություն, հոգատարություն և սեր, կարծում եմ ահա՛ առաջնահերթ այն ամենը, ինչը պետք է ապահովի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար։
 
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին ու հաջողակ քաղաքական գործիչ:
-Այո՛, ես  երջանիկ եմ, քանի որ ապրում եմ սիրո, նվիրվածության և հարգանքի մթնոլորտում՝ ամուսնուս հետ վայելելով մեր բաժին երջանկությունը։
Ինչ վերաբերում է հաջողակ քաղաքական գործիչ լինելուն, ապա նման գնահատական, որպես կանոն, անցած ճանապարհի վերջում են հնչեցնում: Իսկ ես, գաղտնիք չէ, որ նոր եմ քաղաքականությունում, ուստի որակավորումների համար դեռ վաղ է:  Սակայն մշտապես ինքնակրթվելն ու աշխատասիրությունը հաջողության հիմնական գրավականն են: Ինչ խոսք, կարծում եմ, մի քիչ էլ պետք է հաջողակ լինել:
 
-Ձեր մաղթանքը կանանց տոների առթիվ:
-Սիրելի՛ կանայք,  սիրե՛ք և եղե՛ք սիրված: Եղեք ինքնատիպ, երբեք մի՛ ընկրկեք դժվարություններից և թող ձեր սրտերում միշտ գարուն լինի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր