Ռուս երիտասարդի սպանած ադրբեջանցի մարզիկն իրեն մարդասպան չի զգում
Խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն, ադրբեջանական ծագմամբ ռուսաստանաբնակ մարզիկ Ռասուլ Միրզաևը, որը 2011թ.-ին ռուս ուսանողի էր սպանել, ЗАНГАЛИС & К յութուբյան ալիքի հետ զրույցում պատմել է դեպքից հետո իր զգացողությունների մասին:
Մարզիկի խոսքով՝ կատարվածը մինչև հիմա իրեն հանգիստ չի տալիս:
«Ես ինձ մարդասպան չեմ զգում: Հիանալի կերպով հիշում եմ տեղի ունեցածը և չեմ դադարում դրա պատճառով մտահոգվելուց: Եթե բժիշկներն ամեն ինչ ժամանակին անեին, տղան ողջ կմնար»,- ասել է Միրզաևը:
Նա նշել է, որ փորձում է հաճախ չխոսել դեպքի մասին, քանի որ «ոչ ոք չի գիտակցում՝ ինչ է կատարվում նրա հոգում»:
«Չեմ կարողանում վճռել՝ դա իմ կյանքի մեծագույն սխալն է եղել, թե ոչ, բայց եթե հնարավոր լիներ ամեն ինչ փոխել, ես դա կանեի»,- եզրափակել է մարզիկը:
Հիշեցնենք, որ 2011 թ.-ի օգոստոսի 13-ին Մոսկվայի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վեճի ընթացքում սամբիստ Միրզաևը հարվածել էր ուսանող Իվան Ագաֆոնովին: Հարվածից հետո 19-ամյա երիտասարդն ընկել էր կոմայի մեջ և 4 օր հետո մահացել հիվանդանոցում։