21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

15 ապր 2019 16:00

Ինչո՞ւ չենք ասում՝ դադարեք մեզ ծույլ ու անբան անվանել ու նվաստացնել...


Ինչո՞ւ չենք ասում՝ դադարեք մեզ ծույլ ու անբան անվանել ու նվաստացնել...«Վեր կացեք եւ քայլեք»,- հորդորում է վարչապետը ժողովրդին։ «Քայլել» բառն արդեն ուղիղ իմաստը չունի, ինչպես մեկ տարի առաջ՝ թավշյա հեղափոխության օրերին, երբ յուրաքանչյուրից պահանջվում էր ընդամենը քայլել՝ բառի բուն իմաստով։ Մեկ տարի անց քայլելն արդեն նոր իմաստ է ձեռք բերել՝ աշխատել։ Վարչապետն անգամ աշխատանքի գործակալության գործառույթ է կատարում՝ հուշելով, թե որտեղ ինչ թափուր աշխատատեղ կա, ինչ մասնագիտությունների պահանջարկ կա շուկայում եւ այլն։ Նրանց, որ համաձայն չեն շահագործվել ստրկական պայմաններով, վարչապետը հորդորում է սեփական նախաձեռնություններով հանդես գալ։ Ի՞նչն է խանգարում, չէ՞ որ մոնոպոլիան, օլիգարխիան, կոռուպցիան արդեն անցյալում են։ Վարչապետը, իհարկե, չի զգուշացնում, որ ինչ-որ բիզնես սկսել նշանակում է պետության հետ հարաբերության մեջ մտնել, ընկել բյուրոկրատական քաշքշուկի մեջ, խճճվել անասելի մեծ քանակությամբ ավելորդ թղթաբանության մեջ։ Ի՞նչ եք կարծում, վարչապետի հորդորով սեփական գործը սկսած մարդը քանի՞ քայլից կհասկանա, որ պետք էր հետեւել վարչապետի մյուս, ոչ պակաս հայտնի՝ «հանգիստ նստի տեղդ» հորդորին։ 
«Վեր կացեք եւ քայլեք»,- հորդորում է վարչապետը ժողովրդին։ «Քայլել» բառն արդեն ուղիղ իմաստը չունի, ինչպես մեկ տարի առաջ՝ թավշյա հեղափոխության օրերին, երբ յուրաքանչյուրից պահանջվում էր ընդամենը քայլել՝ բառի բուն իմաստով։ Մեկ տարի անց քայլելն արդեն նոր իմաստ է ձեռք բերել՝ աշխատել։ Վարչապետն անգամ աշխատանքի գործակալության գործառույթ է կատարում՝ հուշելով, թե որտեղ ինչ թափուր աշխատատեղ կա, ինչ մասնագիտությունների պահանջարկ կա շուկայում եւ այլն։ Նրանց, որ համաձայն չեն շահագործվել ստրկական պայմաններով, վարչապետը հորդորում է սեփական նախաձեռնություններով հանդես գալ։ Ի՞նչն է խանգարում, չէ՞ որ մոնոպոլիան, օլիգարխիան, կոռուպցիան արդեն անցյալում են։ Վարչապետը, իհարկե, չի զգուշացնում, որ ինչ-որ բիզնես սկսել նշանակում է պետության հետ հարաբերության մեջ մտնել, ընկել բյուրոկրատական քաշքշուկի մեջ, խճճվել անասելի մեծ քանակությամբ ավելորդ թղթաբանության մեջ։ Ի՞նչ եք կարծում, վարչապետի հորդորով սեփական գործը սկսած մարդը քանի՞ քայլից կհասկանա, որ պետք էր հետեւել վարչապետի մյուս, ոչ պակաս հայտնի՝ «հանգիստ նստի տեղդ» հորդորին։ 
Օրինակ, ես պետության հետ առնչվելիս պատկերացնում եմ, որ մարդ չեմ, այլ համակարգչային խաղի հերոս՝ ասենք, Մարիոն, որը վերջին լեւլին հասնելու համար ստիպված է վազվզել մեկ աջ, մեկ ձախ, թռչկոտել ինչ-որ կաբինետների կողքով, ինչ- որ դիմումներ գրել, ինչ-որ քաղվածքներ, տեղեկանքներ ու երաշխավորագրեր վերցնել, գտնել արարածների, որ կհավաստեն դրանց տակ դրված ստորագրություններն իրենց ստորագրությամբ, ապա՝ ուրիշ արարածների, որ կվավերացնեն սրանց ստորագրությունները կապույտ կնիքով, տանել-բերել փաստաթղթեր՝ բնօրինակով ու պատճենահանված, նաեւ լուսապատճենը՝ էլեկտրոնային փոստով, այդ ամենը՝ նաեւ էլեկտրոնային կրիչով, անձնագիր ու սոցիալական քարտ, գրանցման, բնակության ու էլեկտրոնային հասցեներ, տան եւ բջջային հեռախոսահամարներ, ստացականը չկորցնել, գտնել այն աշխատակցին, որ պիտի ստորագրի անցաթուղթը, որը աշխատավարձ է ստանում այդ անցաթուղթը ստորագրելու համար, այլապես ոստիկանը քեզ չի վերադարձնի անձնագիրդ, իսկ ո՞վ ես դու առանց անձնագրի, ոչ ոք չի հավատա, որ դու Մարիոն ես․․․
 
Այս ամենը շատ նման է կպչուն վիճակների նեւրոզին բնորոշ գործողություններին։ Բյուրոկրատիան նեւրոզ է։ Ամեն ինչի մեջ իմաստներ փնտրող մեր ուղեղը, բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնելով, ի վերջո բավականին տրամաբանական հարցադրում է անում․ «Կարո՞ղ ա կաշառք են ուզում սրանք»։ Մեզ իսկույն հավաստիացնում են, որ հեղափոխությունից հետո կաշառքն իսպառ վերացված է։ Բայց մենք հասկանում ենք, որ դա ժամանակավոր է, եւ կարճ ժամանակ անց կաշառակերությունը դարձյալ ծաղկելու է, որովհետեւ կաշառքը այդ բյուրոկրատական, նեւրոտիկ ծեսերը չեղարկող հրաշագործ հնարքն է, քաշքշուկի մեջ խեղդվող մարդու փրկօղակը՝ այն միակ դեղամիջոցը, որ ունակ է բյուրոկրատին սթափեցնել, ընդհատել նրա զառանցանքը։
 
Հասկանալի է, որ չի կարող լինել պետություն՝ բոլորովին առանց բյուրոկրատիայի, բայց համակարգի նվազ կամ առավել բյուրոկրատական լինելը կարող է կախված լինել երկրում ժողովրդավարության վիճակից։ Պետության նպատակը մեզ միայն կառավարելը չէ, այլեւ ճնշելը, հնազանդեցնելը, որոշ դեպքերում՝ նվաստացնելը։ Ավտորիտար համակարգերում հսկող եւ պատժող գործառույթներն առավել վառ են արտահայտված։ Ինչ-որ առումով ներկայիս բյուրոկրատիան նախկին ռեժիմի ատավիզմն է։ Այն արժեքային հակասության մեջ է «լայվ մտնող» ու փողոցում մարդկանց հետ սելֆիներ անող վարչապետի կերպարի հետ՝ սովորական մարդու, մեզնից մեկի, որ նույնիսկ լվացքի մեքենայի վարկը դեռ չի փակել։
Նախարարությունների օպտիմալացման գործընթացը մի քայլ էր նախկին ռեժիմից ժառանգություն մնացած բյուրոկրատական ապարատի հետ ինչ-որ կերպ վարվելու, եւ շատ խորհրդանշական էր, որ գործընթացը մեկնարկեց հենց մշակույթի նախարարությունից․ մշակույթի գործիչների ու բյուրոկրատների միջեւ թշնամանքը համարյա դասակարգային է։ Բայց, վերաձեւակերպելով վարչապետի խոսքը, կարելի է նույն պնդումն անել բոլոր նախարարությունների մասին․ ի՞նչ կփոխվի, եթե կես տարի չգործի, ասենք, գյուղատնտեսության նախարարությունը։ Կամ՝ արդարդատության նախարարությունը, էն մեկը, էն մյուսը։ Եկեք փորձենք, կարող է պարզվել, որ ոչինչ էլ չի փոխվի, եթե հարյուրավոր աշխատակիցներ ունեցող այդ հաստատությունների թողնենք տասը հոգանոց վարչություններ։ Պետական կառավարման ապարատի ներկայացուցիչները որեւէ նյութական կամ հոգեւոր բարիք չեն ստեղծում, որեւէ արտադրանք չեն տալիս, բացի տոննաներով մակուլատուրայից, իհարկե։ Դա վերաբերում է ինչպես անհամար ու անիմաստ ՊՈԱԿ-ների «փորձագետներին», որ շարունակում են ստեղծվել պետության միջոցներով, այնպես էլ նախարարներին, պատգամավորներին, վարչապետին ու նախագահին։
Ի դեպ, մեկ շնչին հասնող պատգամավորների թվով Հայաստանն առաջատարներից է եվրոպական երկրների շարքում։ Այդ մարդիկ միջին աշխատավարձը տասն անգամ գերազանցող աշխատավարձ են ստանում մեր կյանքի տարբեր ոլորտները կազմակերպելու համար։ Ինչո՞ւ չենք պահանջում, որ դա անեն ավելի արդյունավետ՝ կրճատելով պետական ապարատը, բյուրոկրատական քաշքշուկն ու ճառերը։ Ինչո՞ւ չենք ասում՝ դադարեք մեզ ծույլ ու անբան անվանել ու նվաստացնել, վեր կացեք ու․․․աշխատեք, քանի թողնում ենք։
Հեղինակ՝ գրող, բանաստեղծ Արփի ՈՍԿԱՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր