Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

02 մայիս 2019 10:47

ԱՄՆ-ն պատրաստում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. Բաքուն փորձում է խոչընդոտել.«Ժամանակ»

ԱՄՆ-ն պատրաստում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. Բաքուն փորձում է խոչընդոտել.«Ժամանակ»«Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Գիլմորը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ներկայումս քննարկվում է դրա հնարավորությունը: Առաջին անգամ Վաշինգտոնի այդպիսի առաջարկի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր անց:

Այդ հայտարարությանը պաշտոնական Երևանն արձագանքեց բավականին ուշ՝ հայտարարելով, որ պետք չէ այդպիսի հայտարարություններ անել՝ առանց կողմերի լիարժեք համաձայնության: Ինչո՞ւ էր Բաքուն Մոսկվայից հետո շտապել հայտարարել հանդիպման ԱՄՆ առաջարկի մասին: Եթե Բաքուն ոգևորված էր դրանով և սպասում էր այդ հանդիպմանը, ապա ինչո՞ւ վաղաժամ՝ բոլորի համաձայնությունը չստացած բացահայտել այն և այդպիսով առաջացնել կազմակերպման հավելյալ խոչընդոտներ: Արդյոք Ադրբեջանը նպատակ ուներ Մոսկվայի հանդիպումից հետո Վաշինգտոնի առաջարկի մասին բարձրաձայնելով «գլխի գցել» Մոսկվային, որ պետք է թույլ չտա՞լ Վաշինգտոնի հանդիպում: Երևանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որ պետք չէ բարձրաձայնել, քանի դեռ չկա ամբողջական համաձայնություն, վկայում է, որ Բաքվի այդ քայլը դիտարկվել է հանդիպման խոչընդոտ կամ, ավելի շուտ, հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացի կազմալուծում, երբ կողմերը, բնականաբար, դիրքային պայքար են մղում հանդիպման օրակարգի և ընդհանրապես մթնոլորտի համար:

Այս համատեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ-ն Բաքվում իր դեսպանի միջոցով հանդիպման նախապատրաստման մասին խոսում է մայիսի 1-ին, այն օրը, երբ Բաքուն ու Անկարան Ադրբեջանում անցկացնում են համատեղ զորավարժություն՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդանշական անունով: Դրանից առաջ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել էր, որ բանակցության ձևաչափն անփոփոխ է: Ադրբեջանի համար այդ հանգամանքը կարծես թե մնացել է ներկայիս գործընթացում «հպարտության ու հաղթանակի» միակ առիթը, ինչը նրան կարող է թույլ տրվել՝ պայմանով, որ նա իրեն թույլ չի տա ավելին: Սակայն այս համատեքստում էլ հատկանշական է, որ Բաքուն նախօրեին՝ երբ Երևանում տեղի էր ունենում ԵԱՏՄ վարչապետների համաժողովը, և այստեղ էր Դմիտրի Մեդվեդևը, կրակում է Հայաստանի ուղղությամբ և անգամ վիրավորում հայ զինծառայողներից մեկին: Դրանից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ Վաշինգտոնը քննարկում է հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ փաստորեն ակնարկելով, որ այդ նախաձեռնությունը վաղաժամ հայտարարություններով կամ ռազմական շանտաժի փորձերով կասեցնելը կամ խոչընդոտելը չի հաջողվի:

2016 թվականի Ապրիլյան քառօրյայից հետո նախարարների մակարդակով հնարավոր հանդիպումը Վաշինգտոնի երկրորդ նախաձեռնությունն էր, իսկ առաջինը պատերազմից մեկ ամիս անց էր Վիեննայում, որտեղ Ադրբեջանի առաջ դրվեցին հայտնի պարտավորությունները: Իհարկե, այն ժամանակ խոսքը նախագահների մակարդակով հանդիպման մասին էր, սակայն սա, իհարկե, հազիվ թե հնարավոր է այս դեպքում համարել սկզբունքային տարբերություն՝ ամերիկյան օրակարգերից Բաքվի մտահոգվածության համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր