20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

23 մայիս 2019 14:32

Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը

Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Կորյուն Մկրտչյանի հետ:
 
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս տնտեսական վիճակը: Այսօր ի՞նչ տեմպերով է զարգանում Հայաստանի տնտեսությունը:
-Գոյություն ունեն տնտեսական ցուցանիշներ, որոնք և բնութագրում են տնտեսական վիճակը: Այլ հարց է` այդ ցուցանիշների մեկնաբանումը և ցանկալի ուղենիշային արդյունքի հետ համադրումը: 
Օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը. 2019թ.-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կանխատեսվում է 4,604 ԱՄՆ դոլար 2018թ.-ի 4,186 ԱՄՆ դոլարի համեմատ: Արժույթի Միջազգային Հիմնադրամի 2018թ. տվյալների համաձայն` այս ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան Վրաստանին (4,505 ԱՄՆ դոլար) և Ադրբեջանին (4,586 ԱՄՆ դոլար): 
Ըստ Համաշխարհային Բանկի  գնահատականի` իրական ՀՆԱ աճը 2019-ին կկազմի 4.3% և 4.6% 2020-21-ին: 2018-ի աճը գնահատվել է 5.3%: Ադրբեջանի տնտեսությունը, ըստ Համաշխարհային Բանկի կանխատեսումների, 2019-2021 թվականներին կաճի 3,6%, 3,3% և 2,7%: Այդպիսով, տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանը առաջ կանցնեն Ադրբեջանից մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով:
Մեզ մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես դրական դինամիկա է ցուցաբերում և հիմք տալիս լինելու չափավոր լավատես Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման հեռանկարի հարցում: Այնուամենայնիվ, ապագայում համաշխարհային տնեսության աճի դանդաղումը, ինչպես նաև համաշխարհային գլոբալիզացման փոխարինման միտումը ռեգիոնալ գլոբալիզացիայով կթողնեն իրենց ազգեցությունը:
 
-Ըստ Ձեզ, տնտեսության ո՞ր ոլորտներն են համարվում ամենահեռանկարային։
-Հայաստանը դեռևս մնում է ներմուծող-սպառող տնտեսություն` հանքարդյունաբերության ոլորտի մեծ տեսակարար կշռով և ազդեցությամբ (Գրոնինգենի էֆեկտ), սակայն ցանկալի է խրախուսել արտահանմանը միտված ոլորտները, քանզի Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ ռեգիոնալ ինտեգրման խաչմերուկում է: Կարծում եմ հեռանկարային են հանդիսանում գիտահենքային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտերը:
 
-Խոսենք ներդրումների մասին: Արդյո՞ք այսօր Հայաստանը գրավիչ է ներդրողների համար, և արդյո՞ք ստեղծված են նպաստավոր պայմաններ:
-Ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ պաշտպանված են ներդրողների իրավունքները, առկա է արդարադատության կայացած անկախ և անաչառ համակարգ և որպես կանոն գոյություն ունի սպառողների մեծ շուկա: Հայաստանը գտնվում է իր ներդրումային միջավայրի ագրեսիվ բարելավման տրանսֆորմացիոն փուլում, որի ավարտին կարծում եմ ստեղծված կլինեն էլ ավելի նպաստավոր պայմաններ, քան այսօր: 
 
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին՝ կա՞ն նախադրյալներ:
-Բնակչության, այդ թվում գործարարների, դրական սպասումները՝ հիմնված հեղափոխության գրանցած քաղաքական ձեռքբերումների, դրա արդյունք հանդիսացող շուկայի իրական ազատականացման և տնտեսական ազատ հարաբերությունների զերծ պետության, իշխանությունների անհարկի միջամտություններից, համակարգային կոռուպցիայի և հովանավոչության վերացման վրա,  հանդիսանում են հիմնական նախադրյալը տնտեսական հեղափոխության իրագործման համար: Մյուս կարևոր նախադրյալը` քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումն է, ինչի շնորհիվ քաղաքացին կդառնա պրոակտիվ և նախաձեռնող մասնակիցը, այսպես կոչված տնտեսական հեղափոխության: Հայաստանի կառավարությունը ստեղծում է այն բարենպաստ տնտեսական և իրավական միջավայրը, որն անհրաժեշտ է տնտեսական ակտիվության բարձրացման համար:
 
-Ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ի՞նչ դրական կամ բացասական հետևանքներ կունենա:
-Կառավարության կողմից կառուցվածքի օպտիմալացումը նախևառաջ հանրային ծառայությունների մատուցման որակին և արդյունավետությանը միտված, գործողությունների միասնական տրամաբանությամբ օժտված գործողությունների ամբողջություն է, կառավարման համակարգի օպտիմալացում է, և հետո նոր նաև հանրային ֆինանսական միջոցների օգտագործման օպտիմալացում է: Նշված փոփոխությունը դրական եմ գնահատում: Կարծում եմ սրան պետք է հաջորդի հանրային ծառայությունների մատուցման առավելագույն ավտոմատացում և թվայնացում, ինչը կբերի մի շարք ռիսկերի ի սպառ վերացմանը:
 
-Անդրադառնանք նաև արցախյան հիմնահարցին: Ինչպե՞ս կգնահատեք բանակցային ներկա փուլը: Ձեր քաղաքական թիմին կհաջողվի՞ Արցախին ներգրավել բանակցային գործընթացում:
-Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական տիրույթում արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը, թե՛ ազգային անվտանգության, թե՛ քաղաքական և թե՛ դիվանագիտական հարաբերությունների առումով եղել է թերևս ամենակարևորն ու զգայունը, և չի գտնվի որևէ քաղաքական ուժ կամ իշխանություն, որն իր ողջ ներուժն ու ջանքերը չի կենտրոնացնի այս ուղղությամբ: Այժմ, կարծում եմ, կողմերի միջև բանակցային գործընթացը մի նոր որակական և գաղափարային փուլ է թևակոխել, երբ հայկական կողմը հաստատակամորեն հանդես է գալիս արցախյան կողմին բանակցությունների պրոցեսին վերադարձնելու նախաձեռնությամբ՝ արդարացիորեն հնարավորություն տալով ընտրությունների արդյունքում, Արցախի ժողովրդի մանդատը ստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական իշխանություններին, ազգերի ինքնորոշման իրավունքով ցանկացած ձևաչափով անմիջականորեն մասնակցել հիմնախնդրի շուրջ քաղաքական պրոցեսներին և բանակցել Արցախի ժողովրդի անունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևակերպված և առաջադրված՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու քաղաքական ուղերձի տրամաբանության շրջանակներում, բանակցային գործընթացի նոր ձևաչափը և դրանում Արցախի ներգրավումը իրագործելի եմ համարում:
 
-ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, ի՞նչ քայլեր եք կարևորում այս ոլորտում:
-Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի և հարաբերությունների զարգացման օրակարգում խիստ կարևորում եմ, ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը համաձայնագիրը դեռևս չվավերացրած ԵՄ երկրների կողմից, որի ուղությամբ ամենօրյա ինտենսիվ աշխատանք է տարվում ՀՀ Կառավարության, ԱԳՆ, ԵՄ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների և խորհրդարանական դիվանագիտության խողովակներով և դիվանագիտական ողջ գործիքակազմով: Այժմ ավարտվում, ամփոփվում  է հիշյալ համաձայնագրի, արդեն ուժի մեջ մտած դրույթների կիրարկման միջոցառումների ճանապարհային քարտեզի կազման աշխատանքները, որը ներառում է արդարադատությանը, տրանսպորտին, էներգետիկ համագործակցությանը, շրջակա միջավայրին, միգրացիային և այլ ոլորտներին առնչվող 201 միջոցառում: Ինչպես նաև, մեծ կարևորություն ունի, ԵՄ իրավական ակտերին ՀՀ օրենքների մոտարկման և անհրաժեշտ ոլորտները կարգավորող օրենքների մշակման և ընդունման գործընթացը:
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր